«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նշեց, որ ադրբեջանական մամուլում դեռևս մարտ ամսից, իսկ առավել ակտիվ ապրիլի 11-ին՝ ադրբեջանական սադրանքի ընթացքում, տարածվել էր տեղեկատվություն, թե հայկական կողմը կիրառել է իրանական ԱԹՍ-ներ: Նույն օրը ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ սպառազինության մեջ իրանական ԱԹՍ-ներ չկան, բայց այդ թեզը շարունակում է տարածվել:
Ալխաս Ղազարյանը նաև նկատեց, որ բացի այդ, նույն մայիս ամսին ադրբեջանական և ոչ միայն ադրբեջանական՝ Ադրբեջանի հետ դաշնակցային երկրների լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս անգամ հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ: «Այս մասին պաշտոնական արձագանք չեղավ, և ես կցանկանայի լսել այն ձեզանից»,- նշեց նա:
Արձագանքելով Սուրեն Պապիկյանն ասաց՝ այս ապատեղեկատվությունը շարունակությունն է հայտնի ՍՈՒ-30-նների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ հայկական ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի:
«Բայց այստեղ ադրբեջանական կողմը ինքն իրեն իսկ հերքել է: Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը ապատեղեկատվությունն այնպիսի էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ: Այնուհետև՝ հաջորդ օրը, ի լուր ամբողջ աշխարհի ներկայացրին, որ իրենց տարածքում հայտնաբերել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, բայց հավանաբար կտրվելով սեփական իսկ լրահոսից՝ արդեն հաջորդ օրը այդ ԱԹՍ-նեը դարձան ֆրանսիական, և իբր դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով: Բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է, և դրա վառ ապացույցը իրենց իսկ կողմից միջազգային հանրությանը՝ տարբեր երկրների ռազմական ատյաններին ներկայացրած տարբեր բեկորներն ու մնացորդներն են»,- ասաց Պապիկյանը: