Բանակցային գործընթացից դուրս են թողել Ղարաբաղը, դա ՀՀ-ում իշխանություն ստանալու գինն էր 1998 թվականին. վարչապետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ընդդիմությունը այն քայլը, որով ՀՀ-ն ուզում է երկխոսության բերել Արցախին և Ստեփանակերտին, դիտարկում որպես «Արցախից ձեռքերը լվանալ» և հանրությանը հանում ընդդեմ իշխանության։

Վարչապետը, ի պատասխան, նշեց․ «Երկխոսությունը մեզ դեռ չի հաջողվել, ես շատ ուրախ կլինեի, ու այդ ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրել ենք, բայց այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում այդ գործընթացին խանգարողներ կլինեն, դա անակնկալ չէր, որովհետև ինչու են այդ մարդիկ բանակցային գործընթացից դուրս թողել Ղարաբաղը, որովհետև դա ՀՀ-ում իշխանություն ստանալու գինն էր 1998 թվականին։ Դրանում ես ունեմ քաղաքական համոզմունք։ Այսօր հերթական սկանդալը եղավ, հետո հայտարարություն արեցին, որ չեն գալու հարցուպատասխանին։ Ինչո՞ւ չեք գալիս, սա է ամբիոնը, որ կարող եք բարձրացնել հարցերը, թաքցնելու խոսակցություն չէ։ Թող գան ապացուցեն, որ այս ամբիոնին կանգնած մարդը և մարդիկ թողնում են Արցախը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ընդդիմությունը ամեն ինչ արել է՝ շիշ է շպրտել, միայն դեռևս չեն կրակել․ «Իրենց մոտ չի էլ ստացվի։ Եկեք խոսենք, եկեք ժողովրդի առջև կանգնենք խոսենք։ Իրենք ինձ հետ խոսելուց չեն միայն խուսափում, այլ նաև ժողովրդից, որովհետև ժողովուրդը գնալով հասկանում է, որ այս մարդիկ ջուր են ծեծում»։

Երկրի ղեկավարը կարևորեց, որ պատրաստ է թե՛ դռնփակ, թե՛ դռնբաց ռեժիմով հանդիպել ընդդիմության հետ և պատասխանել բոլոր հարցերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ