«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության օրակարգից և չշարունակի հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:
Արձագանքելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 6 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը: Եթե որևէ մեկն ասում է՝ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է՝ չենք ճանաչում նաև Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիոլմետր տարածքային ամբողջականությունը: Հիմա մենք ստեղծել ենք պարտավորություն՝ դա ճանաչելու և արձանագրելու այդպիսով այն ապօրինի ներխուժումները, այն ագրեսիաները, որոնք տեղի են ունեցել ՀՀ նկատմամբ»:
Գևորգ Պապոյանն էլ նկատեց՝ չի բացառում, որ այդ շրջանակների ուզածը հենց դա է, որ Հայաստանը չլինի այդ 29.8 հազար քառակուսի կիլոմետրը. «Իմ կարծիքով՝ իրենց քաղաքականության վերջնարդյունքը պատերազմը և արկածախնդրությունն է, ինչը մենք պետք է մերժենք և խոսակցություն ունենանք մեր քաղաքացիների հետ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան արձագանքեց՝ երբ որ խոսում է հայրենասիրության մոդելի մասին, հենց դա նկատի ունի:
«Հայրենասիրության մեր մոդելը հետևյալն է, որ՝ հարգելի հայեր, ձեր պետությունը 29.8 կիլոմետր չի, 300 հազար քառակուսի կիլոմետր է, 500 հազար է, և մենք այդ երազանքով տոգորված՝ չենք էլ նկատում, որ նրանք իրականում ասում են, որ կարող է պարզվի՝ դուք պետություն էլ չունեք: Ասում ենք՝ 29 հազար 8 հարյուրը մեզ համար ի՞նչ է, մենք 300, 500 հազարանոց ժողովուրդ ենք, մինչև կկորցնենք նաև 29.800-ը»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Ըստ վարչապետի՝ այդ պատմությունը մի քանի անգամ տեսել ենք, հիմա այդ պատմության հետ մեզ էլի ուզում են առերեսել. «Մենք էլ չենք ուզում առերեսվել, ասում են դավաճան եք: Հեշտ չի, դա նաև մեր արյան, մեր գեների, մեր մտքի մեջ է, բայց եթե մենք քաղաքական լիդերությունը ստանձնել ենք, պետք է նախ ինքներս մեզ, հետո մեր ժողովրդին այս ընտրության մեջ օգնել, որ ճիշտ ընտրություն կատարենք, որովհետև չընտրել 29.8 հարյուր հազար կիլոմետրանոց պետությունը, նշանակում է ընտրել չպետությունը: Ավտոնոմիա որևէ տեղ՝ լավագույն դեպքում, ինչի մասին «հայտնի» մարդիկ հրապարակային խոսել են»: