ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. վարչապետը՝ Զախարովային

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ վերջինս պարբերաբար խոսում է, թե ՀԱՊԿ-ը հեռացել կամ հեռանում է Հայաստանից: Սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իր խոսքը և նշել, որ ՀԱՊԿ-ը շարունակում է իրեն դրսևորել արդյունավետ:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ում ԱԳ ներկայացուցիչը իմ զրուցակիցը լինել չի կարող, իմ զրուցակիցը ՌԴ նախագահն ու վարչապետն են:

ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը նույնիսկ իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ:

«Եթե սա խոսք է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշում լոբբինգ անելու համար, ապա ինձ թվում է, որ դեռ պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը: Ինչպես կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից, դա այնքան էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում»,- ասել էր Զախարովան՝ հավելելով՝ Ռուսաստանում այնքան էլ «չեն հասկանում», թե ինչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ