«Քիչ առաջ ԱԱԾ-ն այդ գործով իրականացրել է առաջին ձերբակալումը։ Պիտի ասեմ, որ մեկ տոննա կոկայինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող ՀՀԿ խմբակցության անդամ», — այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցի պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, միաժամանակ շեշտեց, որ չի ուզում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը և շեշտեց, որ նմանօրինակ գործունեության մեջ կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ և նման գործունեության մեջ կարող են ներառված լինել տարբեր մարդիկ՝ տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ ու անհավատներ։ «Հիմա եթե պարզվի, որևէ մեկը Հանրապետական կուսակցության անդամ է, մենք պետք է հանրապետականներին՝ կուսակցության նախագահի գլխավորությամբ ձերբակալե՞նք», — ասաց Փաշինյանն ու շեշտեց, որ իրավապահների առջև կոնկրետ խնդիր է դրել, որ որևէ մեկի կուսակցական պատկանելիությունը ոչ հոգուտ, ոչ ընդդեմ չի կարող աշխատել։ «Մեծ կուսակցություններ են և ամեն կուսակցության մեջ էլ կարող են լինել մարդիկ, ովքեր պարզվի, այդքան էլ անկեղծ նվիրված չեն գաղափարներին։ Ցավոք, մեր իրականության մեջ էդպիսի դեպքեր հաճախ են պատահում։ Կամ էլ՝ նվիրված են, կարող է», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արձագանքելով՝ Արմեն Խաչատրյանը նկատեց, որ հիմնավոր կասկածներ կան, որ այսպիսի մեծ հանցագործությունների դեպքում գործող հանցավոր խմբերի մեջ լինում են նաև պաշտոնատար անձինք, որովհետև առանց վերջիններիս թույլտվության կամ մասնակցության նման դեպքեր գրեթե չեն լինում։
Վարչապետն էլ իր հերթին նկատեց․ «Պաշտոնատար անձ հասկացությունը շատ լայն հասկացություն է։ Հայաստանում հազարավոր պաշտոնատար անձինք կան, և եթե մենք պաշտոնատար անձանց նկատմամբ անաղարտության կանխավարկածով առաջնորդվեինք՝ հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում այդքան խորը քայլեր չէինք ձեռնարկի։ Էդ քաղաքականությունը դրա համար է, չէ՞, որ մենք էդպես էլ ելնում ենք, որ պաշտոնյան՝ ընդհակառակը, ավելի հեշտ ու ավելի արագ կտրվի գայթակղությունների ինչ-որ բան անել», — ասաց վարչապետը։
Չնայած, որ ըստ վարչապետի խոսքի, մասնագիտական շրջանակներում էլ միասնական կարծիք այս հարցի շուրջ չկա, բայց քանի դեռ բացահայտման ծավալները մեծանում են, դա պետք է ինչ-որ առումով գոհացուցիչ լինի, որովհետև, ցավոք, չենք կարող մտածել, որ թմրանյութերի շրջանառության ծավալները նվազում են։ «Հայաստանի Հանրապետությունը բարեբախտաբար, թե դժբախտաբար Մարս մոլորակի վրա չէ, և աշխարհի ամենազարգացած երկրներում թմրամիջոցների շրջանառությունն աճում է, և երբ որոշ թեթև նյութերի օրինականացում է տեղի ունենում, հո լավ օրից չե՞ն գնում այդ միջոցներին։ Գնում են, որ որոշակիրոեն փորձեն օրենքի դաշտում հսկողության տակ պահեն», — եզրափակեց Փաշինյանը։