«Հայաստանը չի որոշելու Արցախի ճակատագիրը, այլ Արցախն է դա անելու՝ բանակցային սեղանի շուրջ լինելով». Հակոբ Արշակյան

Ազգային Ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությանը, որով ՀՀ-ն և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմիայն տարածքային ամբողջականությունը և նշեց, որ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ և Ստեփանակերտն ու Բաքուն պետք է երկխոսեն։ «Շատ կարևոր հանգամանք կա․ եթե Արցախի ժողովուրդը խոսում է իր իրավունքների մասին, նա ներկա կլինի այդ սեղանի շուրջ։ Մեր բանակցությունների տրամաբանությունը փոխվել է այն ժամանակ, երբ Արցախը բացակայել է սեղանից, և ես ուզում եմ դրա պատճառահետևանքային կապը նաև իմանանք։ Այսինքն՝ այն պահից, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անունից՝ որպես ՀՀ նախագահ, անուղղակիորեն ստացվել է այնպես, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Հիմա մենք ասում ենք, որ Հայաստանը տարածքային վեճ չունի Ադրբեջանի հետ։ Մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրանից հետո ստեղծվում են միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են Արցախի և Ադրբեջանի երկխոսության և արցախահայության անվտանգության ու իրավունքների համակարգի ստեղծման համար», — ասաց Արշակյանը։

Արշակյանը, ապա մանրամասնեց՝ Հայաստանը չի որոշելու Արցախի ճակատագիրը, այլ Արցախն է դա անելու՝ բանակցային սեղանի շուրջ լինելով։

«Հայաստանի որևէ ղեկավար տարածքային պահանջ չի ներկայացրել Հայաստանի հարևաններից որևէ մեկին։ Ինքնորոշման հարցը Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է։ Երբ ինքնորոշվող սուբյեկտին չունես սեղանի շուրջ, ստացվում է, որ դու խոսում ես իր փոխարեն, և ստացվում է, որ տարածքային խնդիր ունես քո հարևանի հետ», — նշեց ԱԺ փոխնախագահը։

Արշակյանն ասաց, որ հայկական կողմի մոտեցումն է, որ միջազգային մեխանիզմներ պետք է ստեղծվեն Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության համար, և սա ունի միջազգային ընկալում։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ առանց այդ միջազգային մեխանիզմի ստեղծման Հայաստանը ստորագրի խաղաղության պայմանագիր, Հակոբ Արշակյանը վերաձևակերպես լրագրողի հարցը՝ ասելով․ «Հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Այո՛, կարծում եմ, որ հնարավոր է, հնարավո՞ր է, որ լինի նոր պատերազմ, կարող եմ ասել, որ հնարավոր է, որովհետև մեր տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ շատ նուրբ են բոլոր գծերը»։

Արշակյանն ասաց նաև, որ միջազգային այդ մեխանիզմը պետք է ստեղծվի։

Պաշտոնյան շեշտեց նաև, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ներկայացնում են ՀՀ-ի դիրքորոշումները և չեն ներկայացնում Արցախի դիրքորոշումը։ Անդրադառնալով Արցախի նախագահ Արայաիկ Հարությունյանի հայտարարությանը Արշակյանը առանձնացրեց հայտարարության այն հատվածը, որտեղ Հարությունյանը նշել էր, որ պատրաստ են երկխոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են Արցախի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը։ «Կարծում եմ այդ մոտեցումը շատ կարևոր մոտեցում է և այդպես էլ պիտի լինի։ Իրենք պետք է խոսեն Արցախի ժողովրդի իրավունքներից և անվտանգությունից։ Հայաստանը ներկայացնում ՀՀ տեսակետները։ Երբ մենք խոսում ենք անվտանգային համակարգի մասին, այդտեղ առանց կոնկրետության, թե ո՞րն է քո տարածքային ամբողջականությունը, անհնար է խոսել։ Երբ դու գտնվում ես հակամարտության գոտում, որտեղ զենքի ուժն է գործում, այդտեղ միակ մեխանիզմը, որով հնարավոր է պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, մեկը բալանսի վերականգնումն է, մյուսը՝ իրավական համակարգի ամբողջականացումը, որը հիմա տեղի է ունենում», — ասաց Արշակյանը։

ԱԺ փոխնախագահը շեշտեց նաև, որ իրենց տեսակետն է, որ Արցախի հարցը ևս պետք է ներառված լինի խաղաղության պայմանագրում, քանի որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմնական պատճառը Արցախի հարցն է, և դա չլուծելը կարող է հետագա նոր պայթյունների բերել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ