Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանի հետ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վարչապետի հայտարարությունից հետո հնչել են բազմաթիվ տեսակետներ, ուղերձներ, կոչեր, քննադատություններ ․․․
Բայց մինչ այս պահը ոչ արմատական ընդդիմության, ոչ որևէ այլ գործչի կողմից չի հնչել այլընտրանք։ Պաթետիկ ճառերից, ծովից ծով Հայաստան վերականգնելուց, բոյկոտելուց ու իշխանափոխության կոչերից բացի այլ բան չի հնչել, չի եղել առաջարկ ստեղծված իրավիճակից դուրս գալու։
Չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կնշանակի տարածքային պահանջներ ունենք Ադրբեջանից, բայց ԼՂ հարցը երբեք չի եղել տարածքային վեճ, այլ եղել է ԼՂ հայերի իրենց պատմական հայրենիքում ապրելու անվտանգության ու իրավունքի խնդիր։ Աշխարհում կա համընդհանուր ընկալում Ադրբեջանի ու Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, դեմ գնալ այդ ընկալմանը, կնշանակի միայնակ դուրս գալ աշխարհի դեմ ու նոր էսկալացիայի համար լեգիտիմ հիմքեր տալ Ադրբեջանին։
Կործանարար այս ճանապարհը հղի է ընդհուպ Հայաստանի պետականության կորստով։
Պետք չէ նաև հուսալ, թե ժամանակ ձգելով մի դուռ կբացվի ու մեզ կփրկեն։ Դուռ չի բացվելու ու հրաշք չի լինելու, ինչպես և հրաշք չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում։ Աշխարհին դեմ գնալով մենք միայնակ ենք լինելու էս կռվում։ Կարո՞ղ ենք մեզ նման «ճոխություն» թույլ տալ։
Սա պարզ իրողություն է, որի հետ մեր հանրությունը ուզի թե չուզի պետք է հաշվի նստի, իրականությունից չես փախնի։ Իսկ Բաքվում չայ խմելու, ծովից ծով Հայաստան վերականգնելու վայ գործիչների հայտարարություններն ընդամենը էժանագին պոպուլիզմ է։ Զազրելի է, երբ 30 տարի հանրությանը Բաքվում չայ խմելու խոստումներ տվողները շարունակում են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, փորձելով հանրության պահել թմբիրում, քանզի Հայաստանի պետականությունը չէ որ նրանց հետաքրքիր է՝ կարևորը իշխանությունն է, թեկուզ Հայաստանը լինի ինչ-որ երկրի կազմում։
Հայաստանի Հանրապետության պետականությունն ու սուվերենությունը վեր է ամեն ինչից, իսկ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, ինչը հղի է Հայաստանի պետականության կորստով։