Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Կիրստի Նարինենին (նստավայրը՝ Ստոկհոլմ) և Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթրայթ Թիմոթի Դեյվիդին:
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր:
Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Պաշտպանն ընդգծել է նաև իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:
Իր հերթին դեսպանը, շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ, բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա ներկայացրել է Ֆինլանդիայի Հանրապետության կողմից մեր երկրում նախաձեռնված ծրագրերը։
Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։