Ինչ է տեղի ունեցել ԱԺ դահլիճում և ինչ է ասել Հովիկ Աղազարյանը «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աղազարյանը մանրամասնել է կատարվածը.
«Կանգնեց, նայեց դատավորի կողմը, ասեց՝ մի հատ նայի իմ աչքերին: Երևի բավարար չէր, որ ԱԺ նախագահն իրեն դիտողություն արեց։ Իջավ, եկավ էդտեղ, ես էլ անմիջապես իր դիմաց նստած եմ։ Պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը և դիտողություն արեցի, ասեցի նստի տեղդ»,- ասել է Աղազարյանը։
Հարցին, թե պատգամավոր Արթուր Սարգսյանը պնդում է, որ Աղազարյանն իրեն ասել է «վեր ընկի տեղդ»՝ պատգամավորը պատասխանել է.
«Ասեցի՝ ստեղ թատրոն չի, նստեք Ձեր տեղը։ Չեմ կարա ասեմ թե էլ ինչ։ Հայհոյանք չի եղել»։
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է Աղազարյանը պաշտպանել դատավոր Արմեն Դանիելյանին, այլ ոչ թե դատավորն ինքն իրեն՝ պատգամավորը պատասխանեց.
«В этом гостинице я хозяин, այստեղ ԱԺ-ն է, ԱԺ-ն ռազբոռկեքի տեղ չէ, ես պատգամավոր եմ, և պարտավոր եմ պահպանում եմ ինստիտուտի կարգավիճակը»:
Հիշեցնենք՝ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Սարգսյանի ելույթի ընթացքում Ազգային ժողովում կրքերը բորբոքվել էին։ Սարգսյանն իր ելույթում կոշտ արտահայտություններ էր հնչեցրել, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նրան կոչ էր արել կոռեկտ արտահայտվել։
Ելույթի ավարտից հետո Սարգսյանը ԱԺ ամբիոնից դիմել էր դատավոր Արմեն Դանիելյանին, որն այդ պահին նույնպես գտնվել էր դահլիճում և ասել. «Դուք այն դատավորն եք, որն առանց իմ աչքերի մեջ նայելու ինձ կալանավորելու որոշում է կայացրել»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հորդորել էր Սարգսյանին չանել նման արտահայտություններ, ինչից հետո իրավիճակը լարվել էր։ Ընդդիմադիր և կառավարող ուժի պատգամավորների միջև սկսվել էին փոխադարձ վիրավորանքներ հնչել, որից հետո ԱԺ նախագահը հրավիրել էր անվտանգության աշխատակիցներին, և եղել էր քաշքշուկ:
Սիմոնյանը խնդրել էր հեռացնել դահլիճից Արթուր Սարգսյանին։