Ստեփանակերտն ու Բաքուն պետք է մտնեն երկխոսության մեջ. Հակոբ Արշակյան

Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ չունի որևէ տարածքային պահանջ իր որևէ հարևանից։

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, Արշակյանը չի՞ վախենում, որ իրեն ևս կմեղադրեն Արցախը և ՀՀ որոշ անկլավներ Ադրբեջանին հանձնելու համար։

«Ես ուզում եմ, որ մենք ոչ թե վերնագրերի համար հարցեր տանք, այլ խոսենք ամբողջական տեքստով։ Ի՞նչ է խոսել վարչապետն ու ի՞նչի մասին է մեր օրակարգը․ հարցը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։ Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից, դա նշանակում է, որ մենք անհրաժշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետությանն են պատկանում»,- ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ խաղաղության պայմանագրի ողջ տրամաբանությունը կոնկրետության մեջ է։ Արցախն այդ տրամաբանությունում ընկալվում է այսպես․ «Արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն։ Կարևոր հանգամանքն այն է, որ եթե Արցախը խոսում է իր իրավունքների ու անվտանգությունների մասիսն, ինքը ներկա լինի այդ բանակցություններում: Բայց այս տրամաբանությունը փոխվել է այն ժամանակ, երբ Արցախը բացակայել է բանակցային սեղանից այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել Հայաստանի և Արցախի անունից»։

Վերջինիս համոզմամբ՝ այդ ժամանակ նաև անուղղակիորեն պարզ է դարձել, որ ՀՀ-ն տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ, սակայն Հայաստանն այժմ ասում է՝ չունի որևէ տարածքային վեճ Ադրբեջանի հետ և փոխադարձաբար ճանաչում է տարածքային ամբողջականությունը, որից հետո պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու պետք է լինեն Արցախի ու Բաքվի երկխոսության համար, Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքային համակարգի ստեղծման համար։

Հարցին՝ եթե Արցախն է որոշելու իր հարցի լուծումը, ի՞նչ իրավունքով է ՀՀ-ն որոշում կայացնում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, Արշակյանը պարզաբանեց․ «Այն իրավիճակը, ինչ մենք ունենք, բխում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություններից, որը որոշ կետերում լավ է գործում, որոշներում՝ ոչ։ Հիմա խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, որի շրջանակներում երկու հարց է հայեցակարգ գալիս․ տարածքային ամբողջականությունը ճանաչելն ու միմյանցից տարածքային պահանջներ չունենալը։ Երկրորդը Արցախի իրավունքների ու անվտանգության հարցն է։ Դուք հարցնում եք՝ ի՞նչ իրավունքով եք դուք որոշում, ես ասում եմ՝ որոշման մեխանիզմը պետք է լինի այսպես, որ Ստեփանակերտը լինի բանակցային սեղանում, և դա այդ մեխանիզմի մասն է»։

Արշակյանը հիշեցրեց, որ տարածաշրջանում կա ընդամենը մի հայկական սուբյեկտ, որի սահմանները ճանաչել է ՄԱԿ-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ