«Մեր ընթացիկ պատմական այս հատվածում կանգնած ենք երկընտրանքի առջև». Գուրգեն Արսենյան

«Մեր ընթացիկ պատմական այս հատվածում կանգնած ենք երկընտրանքի առջև, երբ որ մեր միտքը և սիրտը սկսում են հակասել իրար»:

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Որովհետև ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Դա ասել եմ Սերժ Սարգսյանին, երբ որ քննարկում էր արձանագրությունների վավերացման հարցը՝ 2008 թվականին, դա բազմիցս ասել եմ ԱԺ ամբիոնից, ասել եմ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Միշտ չէ, որ պետական շահերի սպասարկումը համընկնում է ազգային շահերի սպասարկման հետ: Այդ պարագայում միշտ պետք է առաջնությունը տալ պետական շահերի սպասարկմանը, որովհետև ազգային շահերի կոմպլեկսը միշտ ունի շատ ավելի ազդող արտաքին գործոններ, որի վերաբերյալ մենք հստակ տեղեկատվություն չունենք, թե ինչո՞ւ են այդ գործոններն ազդում, ինչի՞ց առաջացան այդ հոսքերը: Իսկ պետական շահերի սպասարկումը գտնվում է մեր տիրույթում»,- նշեց պատգամավորը:

Արսենյանը նկատեց՝ բազմաթիվ հանրային գնահատականներ կան այն մասին, որ Արցախի մեր հայրենակիցների կյանքի ներկայի և ապագայի հետ կապված այս քաղաքականությունը բերելու է բարդությունների. «Չեմ վիճարկում, մենք դա պատկերացնում ենք: Դրա համար էլ քաղաքական ու պետական մեր գործընթացում քաղաքական և պետական գործիչները բանակցությունների ընթացքում արծարծում են երաշխիքների հարցը: Առայժմ Ադրբեջանի ղեկավարությունը ընդառաջ քայլ չի արել այդ ուղղությամբ»:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն հայերի միակ պետությունն է, և ոչ մի քաղաքական և պետական գործիչ իրավունք չունի ՀՀ գոյությունը դնել որևէ վտանգի տակ:

«Ներսում մեր հասարակության մի հատված, այդ թվում՝ մի քաղաքական թիմ ներկայացնող, ակտիվորեն պայքարում է, որ իրականացնի գործող իշխանության վարկաբեկման գործընթացը, այդ թվում՝ պետական ինստիտուտների, պաշտպանական համակարգերի նկատմամբ անվստահության մթնոլորտի ձևավորմամբ»,- ընդգծեց Արսենյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ