Զոհված զինծառայողների ծնողները դադարեցնում են Հրապարակի նստացույցը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից Վահիդ Սահակյանը։
Նա ընթերցեց կալանավորված Գայանե Հակոբյանի արդեն նախկին պաշտպանների հայտարարությունն, ըստ որի` իրավական հարթությունում պայքարն ավարտված է և իրենք դադարեցնում են պաշտպանությունը, և նշեց, որ ծնողական համայնքը համակարծիք է դրա հետ։
«Մենք համակարծիք ենք Գայանեի պաշտպանների այն տեսակետին, որ նրա ազատության իրավական գործընթացն այլևս սպառված է, ինչը երեկ վերահաստատվեց նաև այս շենքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Այսինքն, որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևը` նստացույցը, մեր քայլերի մասին, պայքարի ձևեիի մասին կհայտնենք։ Խորին շնորհակալություն բոլոր աջակցողներին, արցախցիներին»,-ծնողների դիրքորոշումը հայտնեց Վահիդ Սահակյանը։
Նշենք, որ Գայանե Հակոբյանը կալանավորված է Աշոտ Փաշինյանի գործով։