ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսից հետո Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել են, որ խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները՝ անկլավների անվան տակ, Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանի հետ։
Նա նշեց, որ ինքը վերջերս էլ, մինչև Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած հայտարարությունները, ասել է, որ Արցախի հարցը
փաստաթղթով լուծվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ իրենք հանրաքվե արեցին ու անջատվեցին Ադրբեջանի
Հանրապետությունից, ոչ թե՛ Հայաստանի Հանրապետությունից։
«Հիմա, այդ փաստաթղթից Ադրբեջանը վախենում է։ Ես միշտ ասել եմ, էդ որ ասում են՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է իհարկե ճանաչել ամբողջականությունը, բայց որ իրենք էլ մերը ճանաչեն։ Ղարաբաղը փաստացի դուրս է եկել և միջազգային կառույցները ճանաչեցին դա։ Քանի որ Սովետական Միությունը փլուզվում էր, իրենք հանրաքվե արեցին, դուրս եկան Ադրբեջանի կազմից, ոչ թե Հայաստանի կազմից։ Ես համարում եմ, որ հիմքում պետք է դնեն այդ փաստաթուղթը։ Դրանից հետո 1994 թվականին Ղարաբաղին ճանաչեցին որպես բանակցային կողմ՝ Բուդապեշտի գագաթնաժողովում ԵԱՀԿ ՄԽ-ի հավանությամբ։ Միջազգային կառույցները Ղարաբաղը ճանաչեցին որպես հակամարտող կողմ։ Եվ եթե հակամարտող կողմ է և հանրաքվեով դուրս է եկել, այստեղ Ղարաբաղը ինքը պետք է լուծեր իր խնդիրները»,- ասաց Վարդան Մալխասյանը։
Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող լուծել Ղարաբաղի խնդիրը, և քանի որ մենք պառլամենտական երկիր ենք՝ այդ հարցը պետք է դրվի ԱԺ-ում։
«Բայց ԱԺ-ն էլ չի կարող հանձնել Ղարաբաղը, քանի որ քարտեզով Ղարաբաղը եղել է Ադրբեջանի տարածքում, ղարաբաղցիները հանրաքվե են արել, դուրս են եկել Ադրբեջանի կազմից։ Իսկ ինքնորոշման հարցը դրել են հետագայում։ Եվ եթե չեմ սխալվում, իրենք ոչ մի պետության չեն միանում և դրա համար 30 տարուց ավելի ինչքան իշխանություն փոխվեց՝ չեն ճանաչում»,- ասաց Վարդան Մալխասյանը։
Նշենք, որ Արցախի ԱԺ հայտարարության մեջ նաև նշված էր հետևյալը․ «Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան»։
Այս հայտարարությանն արձագանքել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է հետևյալը․
«Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին։ Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը»։
Վարդան Մալխասյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, եթե լինեին Արցախի քույրերի ու եղբայրների կողքին՝ Հայաստանի միլիարդների թալանի գոնե կեսը կդնեին Ղարաբաղն ամրացնելու, բանակն ուժեղացնելու, ոչ թե կազինոներում զվարճանքներ անելու, ոչ թե սաֆարիներում հազարավոր դոլարներով գնային առյուծ որսալու, որ ցույց տային, թե իրենք էլ առյուծ որսացող են։
«Սուտ է այդ բարբաջանքը։ Իրենք միշտ իշխանությունն օգտագործել են իրենց կլանային շահերը բազմապատկելու համար։ Մենք այս օրն ենք ընկել հենց իրենց իշխանության տարիների թալանի ու անարդարությունների հետևանքով։ Այս տարիների ամենաճակատագրական սխալը եղել է այն, որ Ղարաբաղը բանակցային կողմից դուրս է թողնվել հենց Քոչարյանի նախաձեռնությամբ։ Քոչարյանին միջազգային կառույցները դեմ տվեցին, որ ինքն անօրինական է դարձել Հայաստանի նախագահ, և որպեսի աչք փակեն այդ փաստի առաջ և իրեն ճանաչեն որպես նախագահ, ինքը դառնա հա՛մ Ղարաբղի կողմ, հա՛մ Հայաստանի կողմ։ Ադրբեջանը դրա վրա միլիարդներ ծախսեց։ Եվ այդտեղից սկսվեց կործանումը։ Հիմա «սելը ճռռալու տեղը՝ սելվորն է ճռռում։ Հլա դուք ձեր տարիների կեղտերը մաքրեք, որ մականունավոր գողերով էիք այս երկիրը ղեկավարում և ինչքան ուզեիք, որ ուղղությամբ, որ երանգներով ուզեիք միայն թալանում էիք ու ձեր ունեցվածքն էիք շատացնում»,- ասաց Վարդան Մալխասյանը։
Այնուհետև Վարդան Մալխասյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ, ռուսական հեռուստաալիքներին հարցազրույց է տվել և ասել, որ ինքը պատրաստ է 7 շրջանը հանձնել։
«Այդպես նրանք քարշ տվեցին․․․ դիվանագիտությունը բոլոր ուղղություններով ձախողված, թալանի վրա կառուցած իշխանությունը ո՞ւր պիտի հասներ․․․ ու վերջը բերեցին այդ թալանված, ջարդված և հատված-հատված հանձնեցին Փաշինյանին, նա էլ , բնական է, հիմքեր չունի, որ գործը առաջ տանի, ավերակների վրա չգիտի՝ աջ տանի՞, թե՞ ձախ տանի»,- նշեց մեր զրուցակիցը։
Ի հավելումն Վարդան Մալխասյանը համուզմունք հայտնեց, որ Արցախի ճակատագիրը կորոշվի հօգուտ արցախցիների, և Արցախը երբեք չի հայաթափվի՝ «բացառվում է»։
«Կարծիքներ հայտնելը հիմք չեն, դրանք իրավական ուժ չունեն, և եթե դիրքորոշում ենք հայտնում, մենք պետք է նկատի ուենանք մեր 1992 թվականի Գերագույն խորհրդի որոշումը, որ Հայաստանն իրավունք չունի ստորագրի որևէ փաստաթղթի տակ, որտեղ Ղարաբաղը հանդիսանում է ուրիշ պետության մաս, և այս բոլորը որ դնում ենք իրար կողքի, հասկանում ենք մի բան, որ հիմա պետք է նախաձեռնվի Ղարաբաղի ինքնորոշման հարց, և դա լինելու է։ Ես հանգիստ եմ, ես գիտեմ, որ Ղարաբաղը չեն կարող են հայաթափել»,- հավելեց ազատամարտիկը, ապա շարունակեց․
«Ղարաբաղը դարեր շարունակ եղել է հայկական ու կմնա հայկական։ Իսկ թե ինչ ձևով զարգացումները կգնան առաջ՝ կերևա առաջիկայում։ Հիմա Ալիևն ու թուրքերը խառնվել են իրար, որովհետև գիտեն, որ պատերազմը Ուկրաինայում նոր թափ է հավաքում և 3-դր համաշխարհայինի հոտ է գալիս, և այդ պայմաններում աշխարհակարգ պետք է փոխվի, քարտեզները պիտի փոխվեն։ Եվ այն պետությունները, որոնք ուրիշ ազգերի արյան, դիակների, կեղծիքի, չարիքի ու սրիկայության վրա են կառուցված, պիտի փլուզվեն և առաջին փլուզվողներից է լինելու Ադրբեջանը»,- ասաց Վարդան Մալխասյանը։
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ երբ մենք չենք կարողանում բռունցքվել, հավերժ հարատևելու խնդիրը դժվար է դառնում։ Նա նշեց, որ պետք է այդ ներուժը գտնենք, գտնենք մերանը և ինչ մերանի շուրջ կարող ենք բռունցքվել։
«Դաշնակցության, Հանրապետական և քոչարյանական էն հին բանդիտական մնացորդները ինչքան ասպարեզ են գալիս, մի զարմանալի միտք է առաջ գալիս, եթե ոմանց կարծիքով Փաշինյանն արդեն վատն է, բայց նայում է էն կողմը, տասնապատիկ ավելի վատերն են կանգնած։ Հիմա մարդիկ սկսում են մտածել․ ասում են՝ հա, էս կողմը վատն են, այն կողմը տասնապատիկ վատն են, նորից թեքվում են Փաշինյանի կողմը։ Որպեսզի ճիշտ այլընտրանքային ընդդիմություն ձևավորվի, այս քոչարյանասերժական բանդիտական ռեժիմի ամենավերջին մնացորդը կամ նրանց հետ փոխկապակցված ամենավերջին ստահակը մինչև ասպարեզից դուրս չգա՝ ժողովուրդն այս ընդդիմության հետևից չի գնա, մոռացեք»,- եզրափակեց Վարդան Մալխասյանը։