Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին խորհուրդ տվեց գնալ և վերընթերցել պատմության որոշ դասագրքեր, փաստաթղթեր և ընդհանրապես գրքեր՝ հասկանալու համար, թե այդ ինչպես եղավ, որ Արարատը մնաց Թուրքիային:
«Այստեղ կարծիք հնչեց, թե Արցախը պետք է մնա հայկական. իսկ ո՞վ չի ուզում, որ Արցախը մնա հայկական»,- նշեց նա և հարց բարձրացրեց՝ ով է խոսում արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հարցի կարգավորման մասին, ով է միջազգային հանրության ուշադրությունը սևեռում Արցախի և արցախահայության իրավունքների պաշտպանության վրա. «Վստահաբար, ոչ ընդդիմությունը: Ձեզ որ մնա, մի օր կասեք՝ Ալիևը լավ է անում, տեղին է անում, հլա մի բան էլ պակաս է անում»:
Նրա խոսքով՝ Բաքվի հետ բանակցելը չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները Արցախը թողել են միայնակ. «Դա նշանակում է, որ ՀՀ իշխանություններն անում են ամեն բան, որ Արցախին վերադարձնեն իրենց սուբյեկտայնությունը, վերադարձնեն բանակցությունների սեղանին, ինչին նրան զրկել է ձեր իսկ առաջնորդը: Այո, գալու է դատաստանի պահը. յուրաքանչյուրդ պատասխան եք տալու ձեր արածի ու չարածի համար»:
Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ «Տարածքներ հանուն խաղաղության թեզի հեղինակը» նախկին իշխանություններն են. «Դուք այս երկիրը սարքել եք մաղ, մեզ էլ ասում եք՝ ջուր կրեք, հետո էլ ասում եք՝ ավելի արագ կրեք, այս տեմպերը մեզ չեն բավարարում: Դուք էլ մեզ չեք բավարարում»: