«Բախտակից մայրեր, երբեք մի ցանկացեք որևէ մեկի երեխայի մահը». Էմմա Պալյանը փոխանցեց զոհվածների ծնողների խնդրանքը վարչապետի մանկահասակ երեխային անիծողներին

«2018 թվականից առաջ դժվար թե փողոցներում ուղղակի քայլելիս հանդիպեինք ինչ-որ իշխանական պաշտոնյայի կամ վերջինիս ընտանիքի անդամների, իսկ հանդիպելու դեպքում՝ միայն ու միայն տասնյակ թիկնազորների ուղեկցությամբ»: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:

Անդրադառնալով Երևանի փողոցներից մեկում վարչապետի որդու նկատմամբ առևանգման փորձին՝ նա ասաց. «Մի՞թե հերոսի մայր լինելը արդարացնում է վերջինիս կատարած քայլը»: Էմմա Պալյանը հավելեց, որ զգացմունքների դաշտում հարցը այլ տեսանկյունից կարելի է դիտարկել, սակայն իրավական գնահատականը մեկն է՝ բոլորս ենք հավասար օրենքի առաջ:

Էմմա Պալյանն ընդգծեց, որ փողոց դուրս եկած մարդիկ ամենավերջին անեծքներն են հնչեցնում վարչապետի երեխաների հասցեին, անգամ մանկահասակ 7-ամյա աղջնակի հասցեին. «Մանկահասակ երեխայի են անիծում հերոսածին մայրերը: Հերոսածին մայրը իր վիշտը պետք է պատվով կրի և երբեք չցանկանա դիմացինին այն նույն ցավը, որն ինքն է ապրում»:

Պատգամավորի խոսքով՝ ամենացավալին այն է, որ այս թեմայի հետ կապված եղան քաղաքական գործիչներ, իսկ եկեղեցականի սքեմի տակ թաքնված քաղաքականացված հոգևորականները փոխանակ հանդարտեցման կոչեր անելու՝ այս անգամ ևս քաջալերեցին տեղի ունեցողը. «Մենք բոլորս գիտենք, թե դա ինչ նպատակով է արվում»:

Դիմելով ընկած տղաների մայրերին՝ Էմմա Պալյանն ասաց. «Թույլ մի տվեք, որ որևէ պարագայում ինչ-որ մեկը կամ ինչ-որ քաղաքական ուժ փորձի ձեր վիշտը օգտագործել»:

«Բախտակից մայրեր, երբեք, որևէ պարագայու մի ցանկացեք որևէ մեկի երեխայի մայրը, ինչքան էլ ատեք այդ երեխայի ծնողներին, հակառակ դեպքում մեր տղաները մեզ չեն ներելու»,- պատգամավորը անեծք հնչեցնող մայրերին փոխանցեց իր շրջապատում շատ ու շատ զոհված տղաների ծնողների խնդրանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ