«Համաշխարհային պատմության մեջ միակ դեպքն է, երբ հարուստները փորձում են ապստամբություն անել». Հակոբ Ասլանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում դիմեց ընդդիմադիր պատգամավորներին։ Նա վերջիններիցս հետաքրքրվեց՝ ինչո՞ւ 30 տարվա ընթացքում իրենք որևէ քայլ չեն ձեռնարկել Ադրբեջանի դեմ։

«Ցավալի է, որ պետության մասին խոսում են մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ ոչնչացրել են պետությունն ու թալանել, իրենց միլիարդավոր միլիոններն են կուտակել, դղյակներ կառուցել և դեռ խոսում են պետությունից։ Ժողովրդի ու պետության մասին մտածող մարդը երկիրը չէր թալանի, նստած են այստեղ մարդիկ, որոնց խոսակցությունը աբսուրդ է. դա մեր պատմությունը չէ, այլ համաշխարհային պատմության մեջ միակ դեպքն է, երբ հարուստները փորձում են ապստամբություն անել։ Չկա նման դեպք, երբ հարուստներն են ապստամբում, սովորաբար աղքատներն են ապստամբում: Իսկ հարուստները, թե ինչո՞ւ են ապստամբում, բնական է, մի բանի համար. ուզում են իրենց թալանածը փրկել։ Ուրիշ միտք չկա»,- ընդգծեց պատգամավորը:

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը 1918-2020 թվականների իրավահաջորդ է, ապա 30 տարվա ընթացքում նախկին իշխանությունները պետք է խոսեին, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ է գցել․ «Ինքը հանդիսանում է 1918-20 թվականների Ադրբեջանի իրավահաջորդ, բայց պահանջում է խորհրդային Ադրբեջանի տարածքները, դուք պետք է բարձրացնեիք այդ հարցերը, որ միջազգային հանրությունը դա իմանար, բայց դուք ծածկել եք, ոչինչ չեք ասել»։

Վերջինս ընդդիմադիրներին հորդորեց հեռանալ, թողնել, որ ժողովուրդը հանգիստ ապրի։

«Միևնույն է, ձեր ցանկացածը չի լինելու, դուք չեք գալու իշխանության, որովհետև այդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ ժողովուրդը, և այդ ժողովուրդը իշխանությունը տվել է նրանց, ովքեր դա օգտագործում են ժողովրդի համար։ Հեռացեք, ամենաճիշտը դա է»,- կոչ արեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ