«Ալիևը կառուցողական չէ, ռազմական հանցագործ է, ո՞վ է սրա հետ վիճում․ մենք գնում ենք խաղաղության, որպեսզի կարողանանք բանակը հզորացնել». Արթուր Հովհաննիսյան

Բրյուսելյան բանակցություններից 3 օր առաջ շարունակաբար կրակում էին ՀՀ սուվերեն տարածքների եւ մեր դիրքերի ուղղությամբ, որպեսզի բանակցային սեղանին ռազմական առավելության պայմաններում հասնեն այլ առավելությունների։ Մեր զինված ուժերը արժանի մարտեր են տվել այդ օրերին եւ թույլ չեն տվել, որ ռազմական առավելության պայմաններում Ադրբեջանը նստի մեզ հետ բանակցությունների։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Ալիևը կառուցողական չէ, ռազմական հանցագործ է եւ չի իրականացնում միջազգային դատարանների վճիռները, ո՞վ է սրա հետ վիճում, ո՞վ կարող է հակառակն ասել առհասարակ։ Մենք գնում ենք խաղաղության, որպեսզի կարողանանք զարգանանք, բանակը հզորացնենք, որ այլեւս երբեք որեւէ մեկը չկարողանա մեր սահմաններին կրակել», — հավելեց նա՝ արձագանքելով լրագրողների պնդումներին։

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ երբեւէ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չի եղել․ «Եվ հիմա, երբ խոսվում է տարածքային ամբողջականությունները փոխադարձաբար ճանաչելու մասին, ըստ էության, միջազգային պրակտիկայում սա լուռ համաձայնությամբ է տեղի ունենում․ բոլոր պետությունները ի սկզբանե ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները, երբ խնդիր է առաջանում՝ լրացուցիչ հարկ է առաջանում քաղաքական հատարարությունների կամ փաստաթղթերի ստորագրումների»։

Նա ընդգծեց՝ երբեք որեւէ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում չի պայքարել ԼՂ տարածքի համար։ «Մշտապես բանակցությունները եղել են ԼՂ հայ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման մասին, եւ երբեք ոչ մեկը չի խոսել Արցախի անկախության մասին։ Ես կարծում եմ՝ մեր գործընկերներից ոմանք էլի սխալ են հասկացել մեր հայտարարությունները։ Այս իրավիճակում ավելի մեծ է հնարավորությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացման եւ ավելի քիչ են ռիսկերը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սովերեն տարածքների շուրջ եւ ԼՂ ժողովրդի շուրջ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ