«Այո, Քրիստոսի արձանը կառուցվում է». Գագիկ Ծառուկյանը հայտնեց դրա՝ նախապես ընտրված վայրի փոփոխության մասին

«Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որ պետականորեն դա ընդունել ենք և դա պետք է կարողանանք ի ցույց աշխարհի ասել, որ Հայաստանը՝ հայ ժողովուրդը, առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում»:

Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման՝ իր մտադրության մասին:

«Այո, Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետրը կառուցված է, թղթաբանության հարցերն են կարգավորվում, և երևի 2024 թվականին բացում կանենք: Հատիսի գագաթին թույլ չեն տվել, Հատիսի կողքն ենք կառուցում, որովհետև այնտեղ ինչ-որ պատմամշակութային ամրոց է եղել 4000 տարի առաջ»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունը դիմել էր ոստիկանություն, որպեսզի միջոցներ ձեռնարկեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։ Խոսքը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացության մասին էր՝ կապված Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման հետ:

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները: Վերջիններս մեղադրվում են ընտրողներին կաշառք տալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ