Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների շուրջ 300 աշակերտներ այսուհետ հնարավորություն կունենան ողջ ուսումնական տարվա ընթացքում օգտվելու առողջարար ու տաք սննդից։
Դպրոցում ծրագիրը մեկնարկելու համար նախևառաջ անհրաժեշտ էր մեծ ու հարմարավետ ճաշարան և խոհանոց, որի ստեղծումը հնարավոր դարձավ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշմամբ․ դպրոցի ճաշարանը և խոհանոցը հիմնանորոգելու համար մարզպետի աշխատակազմը շուրջ 4 մլն դրամ է հատկացրել։
Դպրոցում ծրագիրն իրականացվել է նաև ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի», ԿԳՄՍ նախարարության «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործուն աջակցությամբ։
Այսօր տեղի ունեցավ ճաշարանի բացումը, մատուցվեց առաջին տաք սնունդը, որից, բացի աշակերտներից, օգտվեցին նաև միջոցառմանը հրավիրված հյուրերը։
Այսպիսով, ճաշարանի կարմիր ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, դպրոցի տնօրենությունը, աշակերտներ ու հյուրեր։
Ուշագրավ է, որ ճաշարանի պատերին աշակերտներին ծանոթ հեքիաթների հերոսների նկարազարդումներ են, ինչն ավելի հաճելի կդարձնի ճաշարանում նրանց ընդմիջումը։
Առողջ սնունդը համտեսելուց հետո դպրոցականները վայելեցին «Ճամփորդություն առողջ սննդի տիեզերքում» ինտերակտիվ ներկայացումը, որի գլխավոր ուղերձը առողջ սննդի, ֆիզիկական ակտիվության մեծ կարևորության ու վնասակար ուտելիքներից հրաժարվելու անհրաժեշտության մասին էր։
Ողջույնի խոսքում Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, շնորհավորելով շահառուներին, նշեց, որ կրտսեր դասարանների աշակերտների առողջ սնուցումն ապահովելու, նրանց մոտ առողջ սնվելու, առողջ ապրելակերպի մշակույթը դպրոցից արմատավորելու նպատակով է իրականացվում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որին սահուն կերպով ինտեգրվեց Արագածոտնի ևս մեկ դպրոց։ Նրա խոսքով՝ այսօրվանից, շուրջ 300 աշակերտ հնարավորություն է ստանում սննդաբանների կողմից նախապես մշակված սննդակարգով օգտվել բարձրորակ սննդից։ Անշուշտ, ամենօրյա առողջ սնունդը կնպաստի երեխաների առողջ զարգացմանն ու աճին։
Աշակերտների լայն ժպիտներն ու խանդավառությունը հավաստեցին՝ սա սպասված ու ցանկալի ծրագիր էր դպրոցում։
Շնորհավորում ենք ծրագրի մեկնարկին աջակցած բոլոր կազմակերպություններին և ծրագրին մաղթում բարի երթ։