Այսօր՝ մայիսի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան Առինջի գերեզմանոցում մի տղամարդ շիրմաքարի մոտ նստած սպառնում է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել։
Արդեն 30 րոպեից ավելի է՝ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողներն այդ տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրհեղ քայլի։
Տարածքը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և Կոտայքի մարզի գումարտակի պարեկները սահմանազատել են։
Տղամարդը պահանջում է, որ ոչ ոք չմոտենա իրեն, ասելով՝ եթե մոտենան նռնակը պայթեցնելու է։
Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։ Եվ թե ինչի համար է նա դիմել նման քայլի՝ դեռևս պարզ չէ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, փրկարար հոգեբան և ՓԾ սակրավորներ։ Տեղում է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Այս պահին տղամարդու հետ բանակցություններ են վարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռոբերտ Դավթյանը և Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։