Բեկորը չի որոշել, զինվորն էլ չի որոշել, Աշոտ Փաշինյանն էլ չի որոշել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
«Բեկորը ում կպել է, իրենք իրար կողքի, մարմիններով իրար կպած պատսպարված են եղել: Բեկորը եթե կպներ Աշոտ Փաշինյանին, նա կլինե՞ր հերոս, և Աննա Հակոբյանը կլինե՞ր հերոսածին, թե ոչ։ Եթե այո՝ ուրեմն Աշոտ Փաշինյանի նկատմամբ իրականացված գործողությունը ադրբեջանական բեկորի առաքելությունը ավարտին հասցնելուն ուղղված գործողություն է, եթե ոչ, ապա եկեք հերոս և հերոսածին բառերը ավելի զգույշ օգտագործենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ պատերազմին ինքը հրամանատարական կետում էր, իր կինը Ստեփանակերտում էր, իսկ որդին էլ որպես կամավոր կատարում էր մարտական առաջադրանքները: Նա հարց բարձրացրեց, թե բոլորի կանայք և որդիները այդ տեղերո՞ւմ են եղել, այդ թվում՝ այսօր իրեն դավաճանության մեջ մեղադրողներինը, թեև ավելացրեց, որ մեղադրողների մի մասի որդիները այնտեղ են եղել, որոնց առաջ խոնարհվում է:
Նա ներկայացրեց զոհվածների ծնողների հետ հանդիպումների ընթացքում ունեցած մի դրվագ: «Իրենք ասում են, թե ոնց կարող եք մեր ցավը հասկանաք, ձեզ ի՞նչ կա։ Ես ասում եմ, որ դուք սխալվում եք, որովհետև յուրաքանչյուրդ մեկին եք կորցրել, իսկ ես չորս հազարին եմ կորցրել, ու ասվածի մեջ ոչ մի չափազանցվածություն չկա»,- ասաց նա: