Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ասուլիսի ժամանակ:
«86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտում ձևաչափում»,- նշեց նա:
Անդրադառնալով գործող կառավարության դիրքորոշմանը՝ վարչապետն ասաց՝ ՀՀ-ի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել: Եվ մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 քառ. կմ տարածքային ամբողջականությունը: Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,- նկատեց Փաշինյանը:
ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատում: Վարչապետը շեշտեց՝ հայկական կողմը կարևոր է համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: «Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»,- ասաց նա՝ շեշտելով, որ կարևորում են երաշխիքները, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու: