«Ադրբեջանը, մեր ընկալմամբ, ԼՂ-ում էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում, և մեր խնդիրն է ամեն ինչ անել այդ քաղաքականության իրագործումը թույլ չտալու համար և, եթե հնարավոր է այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլև Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով և նաև Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսություն ձևավորելու միջոցով», — այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով սահմանադրության հնարավոր խախտման մասին հարցին, ըստ որի, եթե Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում կխախտվի՞ սահմանադրությունը, վարչապետն ասաց, որ 1989 թվականին ՀՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ մարզային խորհուրդը որոշում են կայացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման վերաբերյալ, որից հետո 1990 թվականին ՀՀ-ն ընդունել է անկախության հռչակագիր՝ հղում անելով նաև այդ որոշմանը։ 1991 թվականին ԼՂ-ն հայտարարել է անկախություն։ «Ումի՞ց է հռչակել այդ անկախությունը։ Տարբերակ 1՝ ՀՀ-ից, և եթե այդ տարբերակն է, ապա Գերագույն խորհրդի և մարզային խորհրդի որոշումը խախտվե՞լ է, թե՞ չէ։ Եթե խախտվել է, ապա ինչու՞ խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել։ Եթե Ադրբեջանից, ապա Ադրբեջանից անկախություն հռչակելու պարագայում անկախության հռչակագիրը և մարզային խորհրդի որոշումը խախտվե՞լ է, թե՞ ոչ։ Որովհետև եթե վերամիավորվել է ՀՀ-ի հետ, ապա ումի՞ց է անկախություն հռչակում։ 1995 թվականին ՀՀ-ն ընդունել է սահմանադրություն, 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը, որտեղ ասել է, թե ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք և, ըստ էության, ասել է, որ դա հնարավոր չէ», — Փաշինյանը ապա հարցնում է՝․ «Գերագույն խորհդի որոշումը, հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվե՞լ է, թե՞ չէ»։
Ապա Փաշինյանը հիշեցնում է 1998 թվականի իշխանափոխությունից հետո քննարկված «Ընդհանուր պետություն» բանակցային փաստաթուղթը, որտեղ արձանագրված է, որ ԼՂ-ն ինչ-որ տիպի միավոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Ապա վարչապետը հիշեցրեց նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքների փոխանակության մասին բանակցութոյւնները, որով Մեղրին փոխարինվում էր Լեռնային Ղարաբաղի հետ, և հարցնում․ «Սա Սահմանադրության խախտու՞մ է, թե՞ ոչ։ Սրանից հետո ընդունվել է Մադրիդյան սկզբունքները, որի առանցքային դրույթներից մեկը և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե այն է, որ ԼՂ կարգավիճակի ճշտգրտման հարցը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ՝ ապագայում տեղի ունեցող հանրքավեով։ Հարց՝ Սահմանադրությունը, Հռչակագիրը և 1989-ի որոշումը խախտվե՞լ է, թե՞ ոչ։ Որովհետև, եթե անցյալում, ըստ մեր նարատիվի հանրաքվե է տեղի ունեցել և կարգավիճակը ճշգրտվել է, ապագայում ի՞նչ հարաքվե է տեղի ունենալու։ Եվ ապագայում տեղի ունենալիք հանրքավեի մասին համաձայնությունը զրոյացրել է անցյալում տեղի ունեցած հանրաքվեն», — ասաց Նիկոլ Փաշինյանը և հարցրեց․ «Հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ ոչ։ Հաջորդը՝ ասվում է, որ պոտենցիալ հանրաքվեն չի կարող սահմանփակել ԼՂ որևէ կարգավիճակ, որը եղել է հայկական կողմի դիրքորոշումը։ Սա նշանակում է, որ այդ համաձայնությամբ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի մաս՝ ընդ որում՝ առանց որևէ կարգավիճակի», — ասաց վարչապետը և կրկին հարցրեց․ «Սահմանադրությունը, Հռչակագիրը խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել։ Հաջորդը՝ երբ ասվել է, որ հանրքավեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում՝ կողմերն էլ Հայաստանն ու Ադրբեջանն են։ Եթե ԼՂ-ն ինքնորոշվել է, մենք էլ չենք համարում իրեն Ադրբեջանի մաս, ինչի՞ ենք Ադրբեջանի հետ համաձայնեցվում։ Դրանով խախտվե՞լ է Սահմանադրությունը, թե՞ ոչ։ Հանրաքվեի բովանդակության հետ կապված մի հանգամանք էլ Հայաստանի նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը բացահայտեց՝ ասելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այն, որ որևէ հանրաքվե պետք է լինի, ոչ թե անհատական հանրաքվե, այլ համայնքային հանրաքվե։ Այսինքն՝ որոշումը պետք է կայացվի ոչ թե քանի հոգի ինչի օգտին է կողմ կամ դեմ քվեարկել, այլ հայ համայնքը Ղարաբաղի ինչի օգտին է կողմ կամ դեմ քվեարկել և ադրբեջանական համայնքի ինչի օգտին կամ դեմ է քվեարկել, և եթե երկու համայնքները նույն կերպ են քվեարկում որոշումը համարվում է կայացված, եթե նույն կերպ չեն քվեարկում որոշումը համարվում է չկայացված։ Չեմ կարող պնդել, որ հայկական կողմը համաձայնել է դրան, բայց, այնուամենայնիվ, փաստ է, որ հայկական կողմը համաձայնվել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի՝ որպես ԼՂ բնակչության ամբողջ մաս՝ քվեարկելու իրավունքի վերաբերյալ»։
Փաշինյանն ասաց, որ այս շարքը դեռ երկար կարելի է թվարկել։
Վարչապետը կտրականապես անհամաձայնություն հայտնեց լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանի կառավարությունը «խաչ է քաշում Արցախի վրա»։
Լրագրողի դիտարկմանը, թե վերը թվարկածները ընդամենը բանակցային փաստաղթեր են եղել և «միս ու արյուն» չեն ստացել, Փաշինյանն ասաց․ «էդ բանակցային բովանդակությունը հո չի՞ ցնդել։ Էդ բանակցային բովանդակությունը միջազգային ըմբռնում է ձևավորում բանակցությունների վերաբերյալ։ Դրանք հո վակումի մեջ գոյություն չունե՞ն»։