Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի երգչուհի Էլվինա Մակարյանի անվամբ

 

Երևանի ավագանին մայիսի 23-ին նիստ կգումարի, որի ժամանակ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցը (սկսվում է Հովհաննես Գրիգորյան փողոցից հասնում՝ Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցի հ.36 հասցե) հայ երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանի անվամբ` «Էլվինա Մակարյան փողոց» անվանակոչելու վերաբերյալ որոշում կընդունի։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծի մեջ ասվում է, որ հայ երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը ծնվել է 1950թ. օգոստոսի 16-ին Երևանում:

Վաղ տարիքից Էլվինան մեծ սեր և ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ։ Մայրը, նկատելով աղջկա սուր լսողությունը, նրան տանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։

12 տարեկան հասակում մասնակցում է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ առաջին հաղթանակն է ունենում։ Էլվինան հիմնականում կատարում էր Շառլ Ազնավուրի և Ռոբերտինո Լորետիի երգերը՝ դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն։

Նկատելով երգչուհու տաղանդը՝ Մարտին Վարդազարյանը նրան հրավիրում է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում Էլվինան առաջին անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ։ Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստանում երգել նրա «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլում։ Էլվինա Մակարյանը «Կռունկում» կատարելագործվում է որպես ջազային երգչուհի։

Երկու տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրում է անսամբլ։ Սկսվում են արտասահմանյան շրջագայությունները։ Երգչուհին տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին։ Նա սիրահարված էր ամերիկյան ջազին։

Աշխատելու հետ մեկտեղ Էլվինան սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։ 1970-ականներից երգչուհին մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոնների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում։

1973թ. Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում Էլվինան արժանանում է գլխավոր մրցանակի՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Ու՞ր եք, տղաներ» երգի կատարման համար։

Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնում և ստեղծագործում է հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնում ԱՄՆ, որտեղ շարունակում է իր գործը սեփական ստուդիայում՝ մինչև 2007 թվական։

Էլվինա Մակարյանը մահացել է 2007թ. հուլիսի 9-ին, ԱՄՆ-ում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ