Ադրբեջանը դժգոհել է ԱՀԿ տարածաշրջանային ներկայացուցչի՝ Երևանում արած հայտարարությունների կապակցությամբ

Ադրբեջանի առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում իրեն թույլ է տվել․ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վերաբերյալ կեղծ, կողմնակալ և իր մանդատին հակասող կարծիքներ հայտնել»․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միաժամանակ, նա կոչ է արել ԱՀԿ տարածաշրջանային բաժանմունքներին զերծ մնալ ցանկացած քաղաքական հայտարարություններից, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության օրակարգի ջանքերին։ Կլյուգեն վստահություն է հայտնել, որ կազմակերպությունը հետագայում իր գործունեությունը կիրականացնի չեզոք և անկողմնակալ:

Հիշեցնենք, որ Ժնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեան, որին մասնակցում է նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավելի վաղ Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանն ասել էր, թե դատապարտում են Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ