Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը

Օրեր առաջ լույս աշխարհ եկավ Արեգ անունով մի փոքրիկ հրաշք, ով ապրելու նոր իմաստ տվեց իր ծնողներին։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։

«Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, արմավիրցի ժամկետային զինծառայող Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ լուսաշող Արեգը:

Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանը, որդուն անվանակոչել է Արեգ՝ իրականացնելով հերոս որդու երազանքը․ Ազիզը երազում էր որդի ունենալ և նրան Արեգ անվանել։

Արեգը ծնվել է 3․300 կգ քաշով և 51 սմ հասակով:

Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկն իրենց հրաշալի են զգում և արդեն տանն են։

Երեկ Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն էր, նա կդառնար 22 տարեկան: Այսօր նա չկա, բայց Ազիզի ծննդյան օրից 4 օր առաջ Աստծո կամքով ծնվեց և հերոսածին ծնողների կյանքը լույսով լցրեց փոքրիկ եղբայրը՝ Արեգը։

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք փոքրիկի ընտանիքին՝ ցանկանալով ուժ, առողջություն և անսահման ժպիտ:

Թող մեր Արեգը ապրի խաղաղ և անամպ երկնքի տակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ