Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնար 99 տարեկան: Մեծն շանսոնյեն ծնվել է 1924 թականի մայիսի 22-ին Փարիզում, Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։
Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։ Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։ 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։ 2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը։
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտույցն է։
Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։