Որդու զոհվելը որևէ կերպ թույլ չի տալիս ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել. դատավորը դուրս է գալիս իր հագած դատավորի պատմուճանից, եթե ենթարկվում է հասարակության հայտարարությունների ազդեցությանը. փաստաբան

Երեկ դատարանը բավարարեց ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Գայանե Հակոբյանը կալանքի տակ կմնա մեկ ամիս։

Նշենք, որ կալանքի որոշումը կայացրած դատավորը Ժորա Չիչոյանն է, որին արդեն մի քանի օր է թիրախավորել են Գայանե Հակոբյանի աջակիցները և փորձում էին դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում տարածում էին նրա նկարը, օգտատերերից շատերը գրում էին վիրավորական արտահայտություններ, որպեսզի նա չբավարարեր քննիչի միջնորդությունը և չկալանավորեր վարչապետի որդուն արևանգել փորձող Գայանե Հակոբյանին։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։

«Դատավորն այն մարդն է, որը պետք է գործի որպես դատավոր ու պետք է հեռու լինի ցանկացած ճնշումներից։ Ու բնականաբար դատավորը չպիտի նայի հասարակական կարծիքին, այլ նայի գործում եղած փաստերը։

Այստեղ խափանման միջոցի հարց է լուծվում։ Հիմա, թե քննիչը ինչ փաստական հիմքերով է դա հիմնավորել, դրա հիման վրա դատարանը որոշում է կայացնում: Հիմա որևէ անձ, անգամ որևէ մասնագետ, չի կարող կանխակալ ասել դատավորը ճիշտ է արել, թե՝ սխալ։ Այդտեղ հիմնականում կարող են գնահատական տալ մասնակիցները։ Բայց, եթե դատավորն այդ ճնշվածությունից իրեն բարձր է դասում ու գործում է, դա նշանակում է՝ ինքն ավելի անկախ ու ազատ է եղել, որովհետև անկախությունն ու ազատությունը դրսևորվում են, ոչ թե վերադասության սկզբունքով, այլ, որպեսզի նաև հասարակությունից անկախ ու ազատ լինի։ Հիմա, եթե դատավորը որոշել է, որ խափանման միջոցը քննիչի միջնորդությամբ ներկայացված հիմնավոր է, նշանակում է՝ ինչ-որ մի բան գտել է»,- ասաց փաստաբանը։

Խոսելով միջադեպի վերաբերյալ հանրային միջավայրում տարածում գտած տեսաձայնագրությունների մասին՝ փաստաբանը, ներկայացնելով իր անձնական կարծիքը, ասաց, որ այնտեղ ակնհայտ երևում է ոչ իրավաչափ վարքագիծ, ու Աշոտ Փաշինյանը, իր կյանքը վտանգելով, փորձել է խուսափել մի ինչ-որ իրավիճակից, որն իր գնահատմամբ եղել է ինչ-որ տեղ ծայրահեղ իրավիճակ, ու թեև հնարավոր է, որ մյուսի մոտ այդ ուղղվածությունը չի եղել, բայց տուժողի մոտ ընկալումն այդպիսին է եղել, որ դիմել է նման քայլի։

«Կապ չունի՝ տուժողն ով է, բայց հասկանալի է, որ մարդը, որը բարձր պաշտոնյայի որդի է, միջադեպն ավելի մեծ հնչեղություն է առաջացնում ու դրանով ճնշում է գործադրվում այդ պրոցեսի վրա։ Իրապես, այստեղ խոսքը ոչ թե անձին է վերաբերվում,այլ՝ պետությանն ու հանրությանը։ Եթե խոսքը գնում է ՀՀ վարչապետի ընտանիքի անդամին, դա չի վերաբերվում անձին, այլ վերաբերում է ՀՀ անվտանգությանը։ Բայց մյուս կողմից էլ պետք է նայել․ ՀՀ վարչապետի ընտանիքի անվտանգությունը պետք է առաջնահերթ լինի։ Այս դեպքում Աշոտին առևանգելու փորձ անելով ՝ միայն Աշոտի հարցը չի լուծում, այստեղ կարող է կասկածի կամ ռիսկի տակ դրվել տվյալ երկրի անվտանգությունը։

Ինչքան էլ, որ Աշոտը անվտանգությունից հրաժարված լինի, այստեղ այս կողմից էլ թերություն կա, և չպիտի դրան հասներ»,- ասաց փաստաբանը։

Գևորգ Դավթյանի խոսքով՝ գործում դատավորը որոշակի փաստերի է նայել, որ կա նաև հետագա անվտանգության խնդիր։

Ինչ վերաբերում է նրան, որ հանրության որոշակի հատված ճնշման փորձ էր անում նաև Աշոտ Փաշինյանի նկատմամբ, որպեսզի նա ցուցմունք չտար Գայանե Հակոբյանի դեմ, փաստաբանն ասաց, որ հորդորվում է այնպիսի վարքագիծ, որ տվյալ անձից չի կախված, դա անձնական հարց չի,հանրային հարց է, և այս պահի դրությամբ դատավորի գործունեությունը նաև պետք է գնահատվի այդ տեսակետից։

«Օրինակ, եթե դու զբաղեցնում ես վարչապետի պաշտոնը, ապա քեզ ամեն ինչ կարելի է անել, ապա բնականաբար դա այդպես չի, և հաջորդը, եթե դու այսօր ունես այնպիսի կարգավիճակ, որ քո որդին հերոսաբար զոհվել է պատերազմի ժամանակ, ապա դա որևէ կերպ թույլ չի տալիս, որ անձը դրսևորի ոչ իրավաչափ վարքագիծ։ Եվ դատավորը, եթե այդ հայտարարությունների ազդեցությանը ենթարկվի, դա նշանակում է, ինքը դուրս է գալիս իր հագած դատավորի պատմուճանից։ Այսինքն՝ ինքն անկախ չի, ինքը ենթարկվեց հասարակության ճնշմանը։ Հենց դատական համակարգի անկախություն ասելով մենք պետք է դա նկատի ունենանք։ Հիմա մենք միանգամից դնենք գնահատենք դատավորը ճիշտ է, թե ճիշտ չի, կներեք, սա արդեն քաղաքական գնահատական է, որի միջոցով փորձում են դատավորների վրա ճնշումներ գործադրել։ Եթե հասարակական ընկալումն այնպիսին է, որ դատավորի վրա փորձում են ճնշում գործադրել, որ զոհվածի մորը չպետք է կալանավորել, ապա դատավորն ավելի զգոն պիտի լինի և ղեկավարվի իրավունքի տառով։ Հիմա, վաղը, մյուս օրը գուցե կփորձեն ինձ էլ քննադատել այդ հարցում, բայց ես չեմ նայում սուբյեկտն ով է, ես նայում եմ՝ արարքն ինչպես է դրսևորվել»,- եզրափակեց Գևորգ Դավթյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ