Վտանգավոր գծի է հասնում պայքարի անվան տակ կատարվողը։ Հարցը միայն առանձին մարդկանց կողմից հնչող սպառնալիքները չեն։ Տեռորի մասին բացահայտ խոսացողներն են շատացել։ Եթե վերջին տարիներին հայհոյանքը, վիրավորանքն ու քննադատություն սովորական են դարձել, ապա այսօր արդեն բացահայտ սպառնալիքներն են շատացել։ Սպառնում են ոչ թե կոնկրետ մեկ, կամ մի քանի անձի, այլ հասարակության մի լայն շերտի։ Երևույթն ավելի տեսանելի դարձավ ՀՀ վարչապետի որդու հետ կապված վերջին միջադեպից հետո։ Աշոտ Փաշինյանի և զոհված զիծառայողների ծնողների տհաճ միջադեպի հիմքում գուցե հուզական պոռթկումն էր, սակայն միանգամից հայտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին ուրիշի ձեռքերով շագանակներ հանել այդ միջադեպից բորբոքված կրակից։
«Սատանայի փաստաբանները», որոնք միանգամից հայտնվում են այնտեղ, որտեղ խաչվում են իշխանությունն ու հասարակության հուզական պոռթկումը, հայտնվում են ոչ թե լարվածությունը թուլացնելու, այլ հակառակը՝ ավելի բորբոքելու, ավելի թեժացնելու մթնոլորտը։ Թեժ մթնոլորտն է այդ մարդկանց «ֆլորան»։ Նրանք այդ միջավայրում են իրենց ավելի հարմարավետ զգում։ Ավելի հարմար են զգում, երբ հուզական պոռթկումից ցնցվում է պետությունը։
Պատերազմից հետո հասարակությունը դժվարությամբ է հաղթահարում հոգեբանական շոկը և դա բնական է։ Մեզ պետք է դուրս գալ այս վտանգավոր շրջապտույտից, սակայն, առաջին հերթին նախ պետք է այս շրջապտույտից դուրս մղել նրանց, ովքեր իրենց հարմարավետությունը կառուցում են ցնցումների շնորհիվ։