ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հրետանու և զրահատեխնիկայի զինամթերք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, Բայդենը Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Կիևի ռազմական հզորությունն ամրապնդելու համար, ինչպես նաև հայտարարել է ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ Բայդենը մտադիր է շաբաթավերջին հայտարարել Ուկրաինային 375 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։Ի նչպես նշվում է հրապարակման մեջ, «փաթեթը ներառելու է հրետանային արկեր, զրահատեխնիկա և հակատանկային զենք»։ Հրատարակությունը նշում է, որ դրանք «զենքեր են, որոնք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները նախկինում արդեն տրամադրել են Կիևին»։
Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ը և իր գագաթնաժողովն անցկացնում է Հիրոսիմայում մայիսի 19-ից 21-ը։ Այս քաղաքը 1945 թվականի օգոստոսի 6-ին ենթարկվել էր ամերիկյան ատոմային ռմբակոծության՝ Նագասակիի հետ միասին, որի վրա Միացյալ Նահանգները 1945 թվականի օգոստոսի 9-ին ատոմային ռումբ գցեց՝ այն դարձնելով աշխարհում միակ վայրը, որտեղ միջուկային զենքն օգտագործվում էր մարտերում: Բայդենը դարձավ ԱՄՆ երկրորդ գործող նախագահը, ով այցելեց Հիրոսիմա։ Սակայն, ինչպես Բարաք Օբաման, ով այստեղ էր այցելել 2016 թվականին, նա չի նախատեսում ներողություն խնդրել ատոմային ռմբակոծությունների համար։