Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Աբովյան» ՔԿՀ-ում այցելել է Աշոտ Փաշինյանի առևանգման համար կասկածվող՝ այսօր կալանավորված 44-Գայանե Հակոբյանին: Վերջինս հայտնել է, որ դադարեցնում է հացադուլը:
Նշենք, որ Գայանե Հակոբյանն այսօր մեկ ամսով կալանավորվեց:
Նա չի ընդունում իրեն հասցագրված մեղադրանքը և հացադուլ էր հայտարարել:
Նշենք, որ վերջինիս ձերբակալելու որոշման բողքի և կալանավորելու միջնորդության քննությունը տևեց երկու օր: Այն տեղի էր ունենում Շենգավիթի դատարանում:
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, «Որդիների կանչ» ՀԿ անդամներն իր տան մերձակայքից փորձել են առևանգել: Այնուհետև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդեց, որ ստացել է հաղորդում վարչապետի որդուն առևանգելու փորձի վերաբերյալ, որից հետո հրապարակեցինք կադրեր, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում այն մեքենայից, որով փորձել էին նրան առևանգել:
Ավելի ուշ արդեն ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի մասին՝ ներկայացնելով Աշոտ Փաշինյանի ցուցմունքը:
Ըստ այդմ՝ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ. Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցրել:
Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։
Ավտոմեքենայում կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում՝ արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ իր էմոցիաներից ելնելով՝ կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:
Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից՝ ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:
Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:
Առերևույթ իր կամքին հակառակ Ա․Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանությունը ձերբակալել էր Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) և ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։
Այս գործով Աշոտ Փաշինյանը ճանաչվել է տուժող, նրանք առերեսվել են, պնդել իրենց նախնական ցուցմունքները: Գայանե Հակոբյանն իրեն հասեցագրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք նաև, որ շուրջ երեք օր է՝ նրա մերձավոր շրջապատի անձինք բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել տիկնոջը: Վերջիններս պարբերաբար խաթարում են երթևեկության ընթացքը, անձը վիրավորող արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցնում իրավապահ համակարգի աշխատակիցների նկատմամբ՝ հրահրելով իրավիճակի լարում: