Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան:
Այս մասին հայտնում է Վրաստանի հայկական համայնքը:
Ասվում է՝ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են որպես շինանյութ: