Առայժմ Ալիևը տանուլ է տալիս․ Ստանիսլավ Տարասով

Մոսկվայում ՌԴ և ԱԳ նախարարների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ողջունելով Լավրովին, նշել է, որ սա հերթական հնարավորությունն է՝ խոսել ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում իրավիճակի մասին․

«Ինչպես միշտ, Հայաստանը կառուցողական է․ մենք խաղաղության ենք ձգտում։ Ցավոք սրտի, ռեալ իրավիճակն այլ է․ մենք տեսնում ենք Ադրբեջանի էսկալացիան, տեսնում ենք Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը պետք է ՌԴ վերահսկողության տակ լիներ, բայց կարող ենք փաստել, որ այն չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ»,-մասնավորապես նշել է Միրզոյանը։

Միևնույն ժամանակ Միրզոյանն արձանագրել է այն առաջընթացը, որը գրանցվել է խաղաղության հնարավոր համաձայնագրի բանակցության որոշակի դրվագներով.«Կցանկանայի նաև ընդգծել այնպիսի հարցերով փոխադարձ ընբռնման կարևորությունը, ինչպիսիք են Ալմա-Աթայի պայմանագրի հիմքով հաղորդակցություների բացումն ու ապաշրջափակումը։ Այստեղ, իհարկե, հայկական կողմն էլ, մյուս կողմերն էլ պետք է աշխատեն այդ գործընթացի պարամետրերի հետագա որոշակիացման շուրջ։ Դրան զուգահեռ կուզեի նշել հետագա էսկալացիաների բացառման կարևորությունը։ Հայաստանը հավատարիմ է մնում մեր ղեկավարների բոլոր եռակողմ հայտարարություններին, և կշարունակենք կառուցողական աշխատանքը»։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ այս հանդիպումներից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Արտգործնախարարների հանդիպումն, ըստ մեր զրուցակցի, անոնսավորում էր մի քանի օրից սպասվող՝ Պուտինի միջնորդությամբ Ալիև-Փաշինյան հանդիպումը.«Գիտեք՝ հնչող հայտարարությունները պրակտիկ ռեալիզացման առումով ոչինչ չեն տալիս։ Բաքուն ու Երևանը առայժմ շարունակում են մանևրել տարբեր բանակցային հարթակներում։ Եղել են բանակցություններ Վաշինգտոնում, Բրյուսելում, այժմ նաև Մոսկվայում։ Իհարկե Մոսկվան փորձում է իր կողմը քաշել բանակցությունները, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասնակից է։ Առաջանում են շատ հարցեր, երբ Լավրովն ասում է, որ կոնստրուկտիվ աշխատանքը շարունակվում է։ Հարցն այն է, որ և՛ Բորելը և՛ Միշելը ասում են, որ կոնստրուկտիվ աշխատանքը շարունակվում է, բայց առհասարակ ի՞նչ տեսակ փաստաթղթի մասին է խոսքը։ Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան.կան շատ անհասականալի դրևույթներ և եզրակացություններ անելը բավականին բարդ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ արդյունքում մնում է այն, որ Ադրբեջանը չի կարողանում իրագործել իր պլանը՝ ինչքան հնարավոր է շուտ իրավաբանորեն իր հաղթանակն ամրագրել՝ խաղաղության պայմանագրի տեսքով.«Գործընթացը ձգձգվում է, Ադրբեջանը տանուլ է տալիս դիվանագիտական հարթակում։Հայաստանը շարունակում է մանևրել արևմուտքի ու Մոսկվայի միջև, ժամանակ շահել, ինչ-որ բանի սպասել։ Դժվար է ասել՝ ինչի է սպասում հայկական կողմը։ Երևանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչ-որ կիլոմետրեր են հաշվում… ցանկացած գրագետ մարդ հասկանում է, որ Ղարաբաղն այս դեպքում Ադրբեջանի կազմում է մնում։ Անկեղծ ասած, ես առհասարակ չեմ կարծում, որ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը կարող էֆեկտիվ լինել այս պայմաններում»։

Քաղաքագետի խոսքերով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն Ադրբեջանի համար կլինի երկրորդ հաղթանակը ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո.«Փաշինյանի համար դա աղետ է, հայերի համար՝ պատմական աղետ, հարց կդրվի առհասարակ հայկական պետության գոյության մասին։ Հայերը դարեր շարունակ պատմություն են կերտել, իսկ Փաշինյանն այն աղբամանը կուղարկի նման ստորագրությամբ։ Երևանի հայերը մտածում են, որ իրենց ոչինչ չի սպառնա եթե Ղարաբաղը դատարկվի, բայց իրենց հերթն էլ կհասնի։ Չէ՞ որ ճիշտ նույն կերպ Ալիևն ասում է, որ Երևանը ադրբեջանական քաղաք է»,-եզրափակեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ