Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն. Նիկոլ Փաշինյան

Նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանել է աշակերտների
հարցերին։ Հնչած հարցին, թե ներկա փուլում ինչպիսին է պետություն-եկեղեցի հարաբերությունը վարչապետը պատասխանել է․

«Կարծում եմ, որ երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով: Չնայած միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակվում և տարանջատվում են, որովհետև շատ հարցերում դրանք իրար հետ խաչվում են: Օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցին պահանջում է, որ իր կարիքների համար օգտագործվող ապրանքները ճանաչվեն բարեգործական և չմաքսազերծվեն, օրինակ, պարաֆինը: Մենք ասում ենք՝ շատ լավ, մենք պատրաստ ենք դա անել, բայց մոմը մի վաճառեք, գանձանակ դրեք, հավատացյալները թող գան, մոմը վերցնեն, ով ինչքան կցանկանա, թող այնքան գանձանակում թողնի, որովհետև օրենքին հակասում է․ եթե մի բանը բարեգործական է, ապա դու չես կարող դրանից շահույթ ունենալ: Երկրորդ տարբերակը, որ մոմն ամբողջությամբ վաճառվի, հարկերը պետությանը վճարվեն, բայց մենք ասում ենք վճարված հարկերը, դեռ մի բան էլ ավելին, հետ վճարվի եկեղեցուն»,- ասել է վարչապետը՝ մանրամասնելով, որ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական՝ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանականերում:

«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և՛ ընտրողների առաջ էլ, և՛ այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», — նշել է Փաշինյանը՝ շեշտելով, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ