Գագիկ Ծառուկյանը պատմել է վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Գագիկ Ծառուկյանն ուրբաթ լրագրողներին պատմել է, թե ինչպես է անցել իր հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ապրիլի 12–ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության առաջարկը, որով նախատեսվում է սահմանել ցեմենտի ներկրման տուրք` մեկ տոննայի դիմաց 22 հազար դրամ` ներկրվող ցեմենտի գինը Հայաստանում իրացվող և տեղական արտադրողների կողմից արտադրվող ցեմենտի գնին համապատասխանեցնելու նպատակով։ Չնայած կառավարության առաջարկին, պատգամավորներից շատերը դեմ են նման փոփոխություններին` պատճառաբանելով ցեմենտի արտադրողների համար «ջերմոցային» պայմաններ ստեղծելով, որոնք վնասում են շինարարության շահերին։

«Հանդիպումը շատ ջերմ էր։ Քննարկել ենք ներդրումները և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը», – ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով, վարչապետը կողմ է, որպեսզի երկրի տնտեսությունը զարգանա, իսկ «ժողովուրդը լավ ապրի»։

Արարատցեմենտի աշխատակիցներն ապրիլի 15–ին ակցիա էին կազմակերպել` բողոքելով ձեռնարկության փակման դեմ։ Մի քանի օր առաջ ընկերության աշխատակիցներին ծանուցումներ են ուղարկվել աշխատանքից ազատման և ձեռնարկության փակման մասին։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր չէ կրճատումներ անել ձեռնարկությունում` միաժամանակ նշելով, որ կառավարությունը պետք է վերանայի ներկրվող ցեմենտի վրա նոր տուրքի ներդրման հարցը։

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հարևան երկրներում էներգակիրների գների զգալի նվազման և դրանց արտադրանքի պետական սուբսիդավորման արդյունքում Հայաստանում զգալիորեն աճել է ցեմենտի ներկրման ծավալը (վերջին տարում` եռակի)։ Դրա հետևանքով տեղական երկու ընկերությունները, որոնց արտադրական հնարավորությունները միասին կազմում են 2 մլն տոննա, չեն կարողանում իրացնել իրենց արտադրական հզորությունների նույնիսկ մեկ երրորդը։ 2018թ.–ին հայկական շուկայում իրացված 680 հազար տոննա ցեմենտից 512 հազար տոննան տեղական արտադրության է, 168 հազար տոննան` ներկրված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ