Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդը կտեղակայվի․ Կառավարությունը հաստատեց որոշումը

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք ստեղծելու որոշումը։

Հարցն ընդգրկված էր Կառավարության այսօրվա օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդը կտեղակայվի Նյու Դելիում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում: Դեռևս հայտնի չէ, թե ով կնշանակվի այդ պաշտոնում։

Ըստ նախագծի՝ Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: Ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ: ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:

Նախագծում ընդգծված է, որ սա հնարավորություն կստեղծի ՀՀ ՊՆ–ի համար Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ