Ինչ են քննարկել. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց բրյուսելյան բանակցություններից

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Բրյուսելում վերջերս Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը՝ հայտնելով մանրամասներ, թե ինչ հարցեր են քննարկել:

«Ինչպես հիշում եք, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի տեղի ունեցած միջնորդությամբ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը։ Նաև հաստատել էինք, որ սա հիմք է՝ սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար։

Մայիսի 14-ին մենք կատարեցինք մի քայլ, և ինչպես նշված է Շառլ Միշելի հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ-ի 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով՝ նույնպես»,- ներկայացրեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Ըստ վարչապետի՝ հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնությունը։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտեց, որ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով:

«Բայց հաշվի առնելով նախկին փորձը՝ այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ: Միայն կրկին ընդգծեմ, որ ՀՀ-ն պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի՝ կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- շեշտեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ