Դպրոցներում գումար հավաքելու նախաձեռնությունը հիմնականում ծնողներինն է. փոխնախարար

Հայաստանի դպրոցներում վերջին դասը կլինի մայիսի 26-ին, եթե աշխատում են հնգօրյա գրաֆիկով, իսկ 6-օրյա գրաֆիկի դեպքում՝ մայիսի 27-ին:

Հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը կավարտի շուրջ 35.300 սովորող, 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծեց՝ Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող միջոցառում և ոչ ավելին:

Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) — Բոլոր գործընթացները դպրոցում կազմակերպվեն այնպես, որ որևիցե կողմի համար՝ թե՛ սովորողների, ծնողների և թե՛ ուսուցիչների համար գործընթացը լրացուցիչ հոգսեր և ծանրաբեռնվածություն չառաջացնի:

Ավանդաբար դպրոցներում մեծ գումարներ են հավաքվում՝ Վերջին զանգի միջոցառման ու ավարտական երեկույթի համար: Նախարարությունը դժգոհող ծնողներից այդ մասին ահազանգեր է ստանում: Վիճակագրություն փոխնախարարը չուներ, բայց վստահեցրեց՝ չկա որևէ բողոք-դիմում, որը հետևողական արձագանք չստանա: Ուսումնական տարվա ավարտին էլ բոլոր դպրոցների ղեկավարներին շրջաբերական է ուղարկվում՝ նմանատիպ երևույթները բացառելու հորդոր-պահանջով: Բայց, ըստ նրա, գումար հավաքելու նախաձեռնությունը հիմնականում ծնողներից է, և բողոքի հետքերով գնացող լիազոր մարմինը կարողանում է միջամտել այնքանով, որ դպրոցի ղեկավարությունից պահանջում է միջոցներ ձեռնարկել՝ նման երևույթները կանխելու համար: Հետևաբար, նախարարի տեղակալի խոսքով, ծնողների գիտակցությունը բարձրացելու միջոցով է նաև, որ պետք է փոխվի իրավիճակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ