«Պարզ է, որ վարչապետ որդին ավտոմեքենայի մեջ իրեն ավելի վտանգված է զգացել, քան եթե իրեն մեծ ռիսկի տակ դնելով շարժվող ավտոմեքենայից դուրս նետելը». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Արդեն իսկ հանրայնացված տեսանյութերից պարզ երևում է, որ վարչապետի որդին որդեկորույս մոր հանդեպ ակնածանքից դրդված ու վստահություն ձևավորող «տղամարդավարի զրուցելու» խոստման քողածածկույթի ներքո խաբեությամբ նստեցվել է ավտոմեքենա: Թե ինչ է կատարվել ավտոմեքենայում՝ պարզ կդառնա քննության արդյունքներով, սակայն պարզ է, որ վարչապետ որդին ավտոմեքենայի մեջ իրեն ավելի վտանգված է զգացել, քան եթե իրեն մեծ ռիսկի տակ դնելով շարժվող ավտոմեքենայից դուրս նետելը: Եզրակացնելի է, որ Աշոտ Փաշինյանի կողմից կյանքի համար վտանգ ներկայացնող այդ արարքն նվազ «վտանգավոր» է գնահատվել, քան այն, ինչից խուսափելու համար նա իրեն դուրս է նետել սլացող ավտոմեքենայից: Ակնհայտ է նաև, որ նա իրեն ավոտմեքենայից դուրս է նետել, քանի որ ավտոմքենան հրաժարվել է կանգնել… Նրան տեղափոխող ավտոմեքենային հետևող ընթացքի՝ դեպի վայր ընկած Աշոտը ուղղության փոփոխությունից պարզ է դառնում, որ նրա կյանքի համար վտանգ ներկայացնող ծրագրերին մասն է կազմել նաև այդ երկրորդ ավտոմեքենան:

Ես չգիտեմ, թե ինչ է մտածել Որդիների կանչ կազմակերպության հայտարարություն գրողը, բայց իրենց հայտարարությամբ հենց հիմնավորել են ասվածը՝ խնամքով շրջանցելով ավտոմեքենայում կատարվածը… Իրականում անուղղակի հաստատել ու խոստովանել են, որ Աշոտը մեքենա է նստեցվել կնոջ միջոցով վստահություն ստեղծելու եղանակով՝ կամավորության պատրանք ստեղծելու հեռահար նպատակով, և չհերքելով, որ ինչ-որ պահի Աշոտը ստիպված իրեն դուրս է նետել ընթացող ավտոմեքենայից: Դա խոստովանություն է այն մասին, որ Աշոտի կյանքի, ազատության համար սպառնալիք է առկա եղել. համենայն դեպս՝ Աշոտն այդպիսին է ընկալել իրավիճակը և իր փրկությունն է համարել ավտոմեքենայից դուրս նետվելը…

Դեհ, փաստաբանների «իրավական» բոցավառումների մասին այլևս ասելիք չկա… Եթե նրանց հայտարություններով գնանք՝ ստացվում է ինքնակամ նստել է, ամեն ինչ նորմալ է եղել, ինքնակամ փոշմանել է, հետո որոշել է այլոց անհասկանալի պատճառներով իրեն դուրս նետել ավտոմեքենայից, իրականում առևանգման հանցակազմ չկա… Կա, տղաներ. և ոչ միայն առևանգման… ըստ որում՝ կազմակերպված հանցավորության դրվագ կա…

Իսկ վարչապետ պարոն Փաշինյանը թերևս պարտավոր է իր ընտանքի անդամներին հստակ բացատրել, որ հանգամանքների բերումով նրանցից ոչ մեկ չի կարող իր ապրելակերպում իրեն վերապահել նույնքան ազատություններ, որքան այլոք… Եվ իրենց ազատության ու անվտանգության հարցը ամենևին իրենց անձնական հարցը չէ. ուզեն թե չուզեն՝ իրենց ընտանիքը այս պահին, որքան որ պարոն Փաշինյանը վարչապետ է կամ կլինի, ասոցացվում է պետության անվտանգության հետ և փորձարկումները որևէ կերպ չեն կարող խրախուսվել…

Հետգրություն. պատերազմից հետո Հանրային խորհրդում ընդունելության եկավ առեղծվածային ու արտասովոր մի զրուցակից. հետպատերզմյա զարգացումների՝ Կառավարության, Ազգային ժողովի շենք հայտնի ներխուժումների, ԱԺ նախագահ Միրզոյանի նկատմամբ խմբակային բռնության, մահափորձի խորապատկերին նա պնդում էր, որ Փաշինյանի դեմ վտանգի աղբյուրը գալու է որդեկորույս ծնողների կատարմամբ, ձեռամբ, ում հետ աշխատում են համապատասխան մարդիկ և շրջանակներ… Ավելի կոնկրետանալու, փաստարկված խոսելու իմ պահանջները անպտուղ էին, հետևաբար չէի կարող որևէ ընթացք տալ այդ ահազանգին, որն այդ պահին ավելի շատ ենթադրություն էր հիշեցնում: Այժմ կարծես թե՝ ոչ ամենևին… Մինչ այժմ այս տարօրինակ զրույցի մասին որևէ մեկին չեմ պատմել, բայց նաև կատարվողն արդեն պետք է մտահոգիչ լինի հոկտեմբերի 27 ապրած երկրի համար…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ