Էդգար Ղազարյանը որոշել է հայցախեղդ անել դատարանները․ Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Իշխանության նկատմամբ քաղաքական դատաստան տեսնել փափագող և այդ ուղղությամբ ակտիվություն ցուցաբերող (ֆեյսբուքյան ստատուսներ, սակավամարդ միտինգներ) Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, խորհրդարանական ընդդիմության կողմից ՄԻՊ թեկանծու առաջադրված Էդգար Ղարզարյանը պարզվում է՝ ակտիվ է նաև իշխանության մարմինների և ներկայացուցիչների դեմ դատական հայցեր ներկայացնելիս։

Նա, ինչպես datalex.am տեղեկատվական համակարգն է վկայում, քաղհայցեր է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և նույն խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի դեմ՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում, ինչպես հայտնի է, բանավեճ-լեզվակռիվ էր տեղի ունեցել Ղազարյանի և ՔՊ-ական պատգամավորների միջև։

Ռ․ Բաքոյանի դեմ նեկայացված հայցապահանջը Արարատի և Վայոց ձորի դատարան է մուտք եղել մայիսի 2-ին։ Նույն օրը Երևանի դատարան է մուտք եղել Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հայցը։ Datalex.am-ում այս պահին առկա չէ տեղեկություն այն մասին՝ արդյոք դատարանը վարույթ ընդունե՞լ է այս քաղհայցերը։

Ղազարյանը չի սահմանափակվել միայն ՔՊ-ական պատգամավորների դեմ հայցերով, նա մեկ այլ՝ ՀՀ վարչական դատարանում էլ վիճարկում է Անահիտ Մանասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը և դատարանից պահանջում է անվավեր ճանաչել այն։

Ընդդեմ ԱԺ-ի ներկայացված հայցադիմումը դատարան է մուտք եղել ապրիլի 20-ին։ Սույն գործով դատավոր Արմեն Ներսիսյանը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել։ Ըստ որոշման՝ դատարանն արձանագրել է, որ դատավոր Արմեն Ներսիսյանն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում միաժամանակ թե՛ սույն գործով հայցվորի՝ Էդգար Ղազարյանի, թե՛ վիճարկվող որոշման հասցեատեր Անահիտ Մանասյանի հետ:

«Ընդ որում, Էդգար Ղազարյանը, որպես ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, եղել է դատավոր Արմեն Ներսիսյանի ղեկավարը (Արմեն Ներսիսյանն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում որպես աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետի տեղակալ, ապա՝ վարչության պետ), ինչը հանդիսանում է դատավորի մոտ սույն գործով հայցվորի և de facto երրորդ անձի՝ վիճարկվող որոշման հասցեատեր՝ Անահիտ Մանասյանի նկատմամբ կանխակալ կարծիքի ձևավորման պատճառ»,- նշված է դատարանի որոշման մեջ:

Վերոգրյալի հիման վրա էլ դատավորը ինքնաբացարկ է հայտնել։ Գործը մակագրվել է մեկ այլ դատավորի՝ Դանիել Դանիելյանին։

Էդգար Ղազարյանը, նկատենք, պետական մարմիններում աշխատանքը թողնելուց հետո որոշել է պարապ չմնալ և «հայցախեղդ» անել դատարանները։ Սկսած 2020 թվականից նա վարչական հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ընդդեմ իր նախկին աշխատավայր Սահմանադրական դատարանի աշխատակազմի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի։

Որոշ հայցադիմումներ դատարանը վերադարձրել է: Մասնավորապես ընդդեմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում 23.03.2022 թվականին փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Գագիկ Ասլանյանին ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրության արդյունքը, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի 23.03.2022 թվականի թիվ ՄՌԿ/197-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ հայցադիմումը դատարանը մերժել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ