«Չիկարելիները պետք է բոլորը հասկանան. Սևանում ջրային պարեկները դառնալու են հաբռգածների աչքի փուշը». Անդրանիկ Քոչարյան

Մինչ Սևանա լճում ջրային պարեկների ստորաբաժանումն ամբողջ ծավալով կսկսի իրականացնել իր պարտականությունները, ափամերձ տնտեսվարողներին հենց այսօրվանից զգուշացվում է, որ խախտումներ անելուց պատրաստ լինեն դրանց համար պատասխան տալու։
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Ներկայացնելով նախագիծը՝ հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ այս օրենսդրական փաթեթով անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում Գեղարքունիքի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու համար, որը կկարողանա Սևանա լճի մակերևույթին և դրա առափնյա հատվածում իրականացնել նոր, ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող արտաքին ծառայություն։

«Մենք շատ ենք հանդիպում այնպիսի երևույթների, որ մարդը կարող է հարբած տարբեր մոտորանավակներ վարել, դրանով հասարակական կարգ խախտել՝ Սևանա լճի հատվածում, և հանգիստը վերածվում է անհանգստության այս դեպքում։ Եվ ըստ այդմ, մեր ջրային պարեկները այս իրավիճակներում կկարողանան միջամտել դեպքերին»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Նախագծի հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ պարեկային հատուկ ստորաբաժանման ստեղծման հետ մեկտեղ կուժեղանա նաև ափամերձ հատվածների վերահսկողությունը, ավելի արդյունավետ կդառնա փրկարար ծառայության իրականացումը։

«Հանցագործությունների կանխարգելման առումով էլ շատ մեծ նշանակություն ունի, հատկապես ձկնագողության, բնապաhպանական ռեժիմների հետ կապված հանցագործությունների առնչությամբ։ Մենք գիտենք, որ Սևանա լճի ավազանում ոչ միայն ձկնագողություն է լինում, այլև ավազ են արտահանում, չգիտես ինչ են անում ապօրինի։ Եվ Ոստիկանության ուժերը, որոնք այսօր կան բաժիններում, օբյեկտիվորեն չեն բավարարում, որպեսզի ամբողջ ավազանի տարածքում իրականացնեն հսկողություն։ Պարեկը նաև լուծելու է այս հարցը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Այնուհետև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով Արմեն Խաչատրյանին, ասաց, որ հենց այս պարեկային ծառայությունն անցնի գործողությունների, պարզ է, որ հսկայական բարդությունների է հանդիպելու թե՛ լճի վրա, թե՛ լճի ափերին, և հետաքրքրվեց, թե ինչպես է նա տեսնում քայլերի հաջորդականությունը, քանի որ բոլորը սովոր են, որ ինչ ուզեն՝ անեն։

«Ոչ մի կարգուկանոն չկա, և մեր պարեկներն այնքան պատրաստված պետք է լինեն, և տեխնիկան այնքան լավը պետք է լինի, որ փախչողները չկարողանան փախչելուց մարդկանց վրայով փախչել, որովհետև այնտեղ բոլորը հանգստացողներ են։ Եվ սա կարգավորելու արդյունքում նաև պարեկները դառնալու են այդ հաբռգածների աչքի փուշը։ Գիտեք՝ Սևանում գնում են, մի քիչ խմում են ափերին, հետո վերցնում են ու հայդե, էլ չեն նայում՝ լճի մեջ մարդ կա, երեխա կա։ Այդ ամբողջը բերելու է որոշակի լարվածության։ Այսինքն՝ կանխարգելիչ գործողությունները պետք են՝ սեզոնային հանգիստը սկսելուց առաջ պետք է բացատրել, որ չի կարելի։ Այդ չի կարելիները պետք է բոլորը հասկանան։ Որովհետև շատ խիստ պատիժներ կհետևեն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ի պատասխան Արմեն Խաչատրյանն ասաց, որ լուծումն առաջին հերթին լինելու է պատրաստվածությունը, որի մեջ մտնում է ֆիզիկականը և ինտելեկտուալը, և երկրորդը՝ համապատասխան տեխնիկական հագեցվածությունը։

Ի հավելումն Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ անգամ զգուշացրեց Սևանա լճի ափամերձ հատվածում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, որ կարգուկանոնի առաջին պատասխանատուները հենց նրանք են։

«Հիմիկվանից ասենք, հետո չասեն՝ վայ, թաքուն արեցին, մենք հիմա խնիդիրներ ունեցանք։ Այս պահից ենք ասում, իհարկե ժամանակ կա ըմբռնումով մոտենալու և պատրաստվեու բոլորին, նաև մեր հասարակությանը։ Պատրաստ եղեք հանգստանալուց կարգուկանոնով հանգստանալ և հաճույքով հանգստանալ՝ չխանգարելով մյուսներին, անկախ նրանից՝ այդ պահին ինչ իրավիճակում են գտնվում, պատասխանատվությունը մնում է ոչ միայն ոստիկանների վրա, առաջին հերթին հանգստացողների վրա։ Եվ կարգուկանոնով ապրելը մեզ միշտ տալիս է առավելություն՝ հետագայում հաջողություններ արձանագրելու համար»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ