«Ադրբեջանը միշտ էլ բանակցություններից առաջ փորձել է ստանալ ինչ-որ զիջումներ»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ հավելելով՝ այդ մոտեցումն ունի բավական երկար պատմություն՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, վերջացրած Սերժ Սարգսյանով ու Նիկոլ Փաշինյանով:
Ըստ նրա՝ Սոթքի հատվածում Ադրբեջանի՝ այսօր իրականացրած սադրանքը մեկ նպատակ էլ ուներ. հաշվի առնելով Միացյալ Նահանգների մեծ ներգրավածությունը՝ ցույց տալ, որ հարցը արդյունքում կարգավորվելու է Ռուսաստանում:
«Մեզ ոչնչով չօգնեց անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը ՌԴ-ում՝ Մայիս 9-ի միջոցառումներին, դրա դիմաց չստացանք այն, որ Ադրբեջանը չգնար հերթական սադրանքին: Սրանից պետք է բավականին լուրջ եզրակացություն անենք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Անտինյանի խոսքով՝ Ադրբեջանը հույս ուներ, որ Ռուսաստանի աջակցությամբ կստանար Սյունիքով ճանապարհ: Երբ դա չհաջողվեց, փորձեց խաղի մեջ ներգրավել Իսրայելին և նրա թիկունքում կանգնած ԱՄՆ-ին՝ ցույց տալով, որ ինքն է նրանց գործընկերը, ոչ թե Հայաստանը:
«Իսկ եթե Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, այսինքն՝ խաղալու է ռուսական դաշտում, դա Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա դաշտն է, և այդ խաղը մեզ համար պարտված խաղ է: Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվայից վերադառնալուց հետո Ադրբեջանն անմիջապես գնաց նման սադրանքի»,- նկատում է նա:
Ըստ զրուցակցի՝ Ադրբեջանը գիտի, որ ՌԴ-ն հնարավորինս ցանկանում է Արցախում ներկայացված լինել, սրա արդյունքում կպայմանավորվեն, և Արցախը կհանձնվի իրեն:
«Մաքսակետը դրվեց այն դեպքում, երբ ռուսական զորքերը հետ քաշվեցին: Սա այն է, ինչի մասին զգուշացնում էինք. որ բավական է՝ Հայաստանն Արևմուտքի հետ չբանակցի Արցախի համար, Արցախի խնդիրները չբարձրաձայնի, հարցը մնա Ռուսաստանի տիրույթում, Ռուսաստանը սկուտեղի վրա Արցախը հանձնելու է Ադրբեջանին: Ադրբեջանն էլ մտածում է՝ եթե ոտնձգություն անի Հայաստանի տարածքի վրա, Հայաստանի «գլուխն այնքան խառն է» լինելու, որ մտածելու է իր մասին»,- ասում է նա:
Քաղաքագետը նաև նշում է՝ Ադրբեջանի բնավորությունը չի փոխվել. «Մեզ տասնամյակներով խաբել է, մենք էլ տասնամյակներով խաբվել ենք, որ՝ դե լավ, էս էլ տուր, ու կպայմանավորվենք: Բավական է՝ Հայաստանը համաձայնի խաղաղության, նա նոր պահանջներ է առաջ քաշելու: Ադրբեջանի ձեռագիրն էլ է հայտնի, Ռուսաստանինն էլ, Թուրքիայինն էլ, այնպես որ պետք է լրջորեն վերանայենք մեր մոտեցումները, այլապես այս թակարդի մեջ ընկնելով՝ որևէ շանս չկա ո՛չ միայն Արցախին օգնելու, այլ նաև՝ Հայաստանին»:
Հարցին՝ ի՞նչ է մեզ տալու խաղաղության պայմանագիրը, որի շուրջ այդքան բանակցվում է, քաղաքագետը արձագանքում է. «Խաղաղության պայմանագրին հասնելուց շատ հեռու ենք, որովհետև տեսնում ենք Ադրբեջանի վարքագիծը: Բացի այդ՝ սկզբունքորեն բոլոր կետերի հետ համաձայնության չենք եկել: Այս պահին Ադրբեջանի շահերից չի բխում գնալ խաղաղ կարգավորման, Ադրբեջանը դեռ հույս ունի, որ ուկրաինական պատերազմից հետո այլ իրավիճակ կլինի և փորձում է առավելագույնն ստանալ»:
Միևնույն ժամանակ նա շեշտում է՝ մեր բանակն այսօր խնդիր ունի կյանքի գնով սահմանը պահելու, ամեն ինչ անելու, որ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով. «Մենք այսօր պատրաստ չենք տևական պատերազմի, և դա է պատճառը, որ ժամանակը ձգելու խնդիր ունենք, որպեսզի բանակը զինվի, արդիականացվի, կահավորվի»:
Նրա համոզմամբ՝ այդ վերազինման արդյունքում է, որ այսօր Սոթքում արժանապատիվ դիմակայել ենք հակառակորդին: