«Հայկական բանակը արդյունավետ պատասխան է տվել». վարչապետ

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած հերթական սադրանքին։

«Այսօր՝ ժամը 06։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտեսիվ կրակ են բացել Սոթք բնակավայրում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։

Ակտիվ հրետակոծության ինտեսիվությունը որոշակիորեն նվազել է ՀՀ բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողությունների արդյունքում։ Մոր կողմից կա 4 վիրավոր»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի կողմից նման գործողությունները նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, ինչպես նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում և հունիսի 1-ին Քիշնևում սպասվող բանակցությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություններ ստանալու համար»,- նկատեց Կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ գիշերը և առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մեկ ծանր վիրավորի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ