«2019-ին իշխանության ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել ԶՊՄԿ-ում, իրավապահները պետք է ուշադիր զբաղվեն». վարչապետ

Կառավարության այսօրվա նստում հաստատվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանի (մինչև 2035 թվականը) նախագիծը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ ոլորտը ռազմավարություն երբեք չի ունեցել, և չափազանց կարևոր է դրա առկայությունը:

«Ռազմավարության հիմնական նպատակներն են՝ ոլորտի կարգավորումն ու զարգացումը, ընդերքի ռացիոնալ և համալիր զարգացումը, բնապահպանական, առողջապահական ռիսկերի կառավարումը, ինչպես նաև եկամուտների համաչափ, արդարացի բաշխման մեխանիզմների սահմանումը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ ասելով՝ հանքարդյունաբերության ոլորտից հանրությունը, պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ, այդ թվում՝ ՏԻՄ մարմինները:

«Հանքարդյունաբերությունը պիտի հնարավորինս արդյունավետ կառավարի բնապահպանական ռիսկերը, մասնավորապես՝ ռեկուլտիվացիայի: Երրորդը պետք է հանքարդյունաբերությունը հնարավորինս արագ մոտեցնել միջազգային ստանդարտներին: Այս առումով մենք կոնկրետ օրինակներով կարող ենք որոշակի արդյունքներ արձանագրել: Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում գործող թիվ մեկ ընկերությունը «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է: 2021 թվականին ժողովուրդը, ի դեմս Կառավարության, փայաբաժին է ձեռք բերել կոմբինատում, և որպես առաջնային արդյունք ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ-ն 2022 թվականին վճարել է ռեկորդային թվով հարկեր՝ 145 միլիարդ 536 միլիոն դրամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նկատեց՝ հետաքրքիր է, որ 2019-2020 թվականներին ԶՊՄԿ-ի վճարած հարկերը որոշակի նվազել են: Ինչո՞ւ. «Պարզվում է, 2019 թվականին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել կոմբինատում: Իհարկե, այդ բարձրաստիճան ներկայացուցչին ազատել ենք իր պաշտոնից, բայց կարծում եմ մեր իրավապահ մարմինները այս դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն»:

Վարչապետը նաև նշեց, որ 2021 թվականին արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կտրուկ աճել են 43 տոկոսով:

2022 թվականին կոմբինատն ավելի շատ հարկ է վճարել, քան 2013-2017 թվականներին՝ միասին վերցրած:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ