Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակում նրա առանձնատանն ու գրասենյակում խուզարկություններն իրականացվում են Հատուկ քննչական ծառայության կողմից:
Քրեական գործը քննվում է ՀՔԾ-ի կողմից` իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակում: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միայն ապահովում են խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը:
Ավելի վաղ՝ Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Պողոսյանի առանձնատանը և նախկին գրասենյակում: ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: