Ինչպես է նկարահանվել Արցախի աղմկահարույց տեսանյութը

«Արցախպրես»-ը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է, թե ինչպես է երեկ ադրբեջանական կողմը նկարահանվել Արցախի աղմկահարույց տեսանյութը:

«Երեկ հերթական սադրանքն է իրականացվել թշնամու կողմից: Այս անգամ՝ տեղեկատվական դաշտում: Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ օրվա վերջից ակտիվ տարածում են մի տեսանյութ՝ ցույց տալով թե ինչպես են Արցախի խաղաղ բնակիչները անցնում Հակարիի անցակետով:

Թե ինչպես են այդ բնակիչները հայտնվել ադրբեջանական սահմանապահ ուժերի վերահսկողության տակ, գրեթե անմիջապես պարզաբանել են ԱՀ պաշտոնական օղակները: Ընդգծել են. Արցախը մնում է շրջափակված, իսկ այդ քաղաքացիները նկարահանվելիս փաստացի պատանդի կարգավիճակում են եղել»,-գրված է տեսանյութին կից:

Ավելի վաղ Արցախի պետնախարարը հայտնել էր, որ անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը՝ հերթական բեմականացումը ցուցադրելու համար:

Հաղորդագրություն էր հրապարակել նաև Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շահարկվող տեսանյութում երևացող անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և անակնկալ կերպով նրանց կանգնեցրել են ադրբեջանցի ծառայողները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ