Երևանում վթարից հետո 28-ամյա վարորդը զենքով մտել է խանութ և ծեծել կին աշխատակցին

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում բռնություն է տեղի ունեցել կնոջ նկատմամբ: Ժամը 02:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի վնասվածք, մարմնի տարբեր մասերում սալջարդ և վնասվածքներ» ախտորշմամբ իրենց մոտ շտապօգնության թիվ 16 բրիգադը տեղափոխել է մի կնոջ:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 40-ամյա Կարինե Հ.-ն է:

Ստացվել է նաև տեղեկություն, որ Վրացական փողոցի 9 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո վարորդը մտել է վթարի հարևանությամբ գտնվող մթերային խանութ, բռնություն կիրառել աշխատակցի նկատմամբ, կոտրել և գետնին թափել ապրանքները, ապա դիմել է փախուստի: Ըստ ականատեսների՝ նրա ձեռքին եղել է զենքի նմանվող առարկա:

Վթարի վայրից մոտ 100-150 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ատրճանակը:

Իրավապահները համագործակցելով միմյանց հետ, մարմնական վնասվածք հասցնելու և զենք կրելու հիմնավոր կասկածով հայտնաբերել և ձերբակալել են Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Ե.-ին: Ըստ shamshyan.com-ի, նա այնուհետ ազատ է արձակվել:

Աղբյուրի տեղեկություններով, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված կինը Կարեն Ե.-ի կողմից բռնության է ենթարկվել ու սա առաջին դեպքը չէ: Մի քանի անգամ նա ծեծի է ենթարկել Կարինե Հ.-ին:

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ