Ադրբեջանը՝ որպես պետություն, վտանգավոր է ամբողջ Կովկասի համար․ աշխարհը պետք է կանգնեցնի այս պրոցեսը՝ Ադրբեջանի հավակնությունները այլ պետությունների նկատմամբ

«Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» խորագրով այսօր Մարզահամերգային համալիրում մեկնարկել է հայ փախստականների համաժողովը։ Հրավիրյալներից մեկը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իր ելույթում անդրադարձավ փախստականության խնդրին, դրա ծագման պատճառներին և մատնանշելով Ադրբեջան պետությանը՝ մասնավորապես նշեց․

«Պատկերացրեք երկիր, որը աշխարհին փորձում է և հաճախ ներկայանում է որպես ինտերնացիոնալ երկիր, այդ երկրում բազմաթիվ իրենց լեզվով, իրենց ինքնությամբ, իրենց պատմությամբ, իրենց հազարամյակների պատմական հայրենիքում ապրող մարդիկ ուղղակի գոյություն չունեն։ Ոչ մի միջազգային մոնիթորինգ նրանց չի հայտնաբերում, ոչ մի տեղ չեն գրանցում նրանց անունները, միայն երբեմն փորձագիտական տեքստերում են հիշատակվում կամ մասնագետները գիտեն նրանց մասին»,- նշեց Խառատյանը և, խոսելով մասնավորապես ուդիների մասին, մանրամասնեց․ «Այն ուդիները, որոնք իրենց տապանաքարերին 19-րդ դարում գրում էին, որ իրենք լուսավորական են, ուդիախոս ցեղից են Հայ առաքելական եկեղեցու, այդ ուդիների մասին Ադրբեջանը աշխարհին ուզում է անընդհատ համոզել, որ հայերը նրանց գրիգորիզացնում են։ Այսինքն, այդ մարդիկ 2 հազար տարի մի կրոնի հետևում են, և հայերը հիմա նրանց, իբրև, այդ կրոնին են բերում և լուծում են։ Անհեթեթությո՞ւն։ Թվում է՝ անհեթեթություն, բայց սա քաղաքական ազդեցիկ քայլ է և բազմաթիվ տեղերում սա մոտ է ռասիզմին։ Այդ ուդիներին կոտորել են 1905-1907 թվականներին, 20-ականներին, խորհրդային ամբողջ շրջանում ճնշել, դուրս են մղել։ Եվ 1988-1989 թթ․ հայերի հետ միասին նրանք ենթակա էին նույն բռնություններին, ինչ Բաքվի, Սումգայիթի հայերը։ Եվ բոլորը դարձան փախստական։ Այսօր Շաքիում, որը ուդիների հայրենիքն է, մոտ 2 հազար մարդ է ապրում։ Ու այդ երկու հազար մարդը դարձել է խաղալիք ադրբեջանական բռնապետության ձեռքին, քանի որ պետք է վիճարկել, որ աղվանական ժողովուրդն է, որը հայկական ագրեսիայի հետևանքով անընդհատ ուծացվել է։ Եվ Շաքիի տարածքի ամբողջ պատմամշակութային հուշարձանները եթե ուսումնասիրեք, մի տող չկա աղվանական անցյալի և ուդիական ժառանգության մասին»։

Սա, ըստ ազգագրագետի, ընդհանուր օրինակն է այն իրողության, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, վտանգավոր է ամբողջ Կովկասի համար։ Ադրբեջանական ինքնությունը, ազգագրագետի խոսքով, հավակնում է ոչ միայն Հայաստանին, այլև Հարավային Դաղստանի ժողովուրդներին, Վրաստանին, դրա սահմանակից հատվածին։ Աշխարհը, բանախոսի կարծիքով, պետք է փորձի կանգնեցնել այս պրոցեսը։ «Մինչև այս խնդիրը՝ էթնիկությունը չհղկվի, լինելու է փախստականություն, և, ցավոք սրտի, փախստականության ճակատագրի շուրջ քննարկումներ»,-նշեց Խառատյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ