Լաչինի միջանցքի բացման, ապօրինի անցակետի վերացման վերաբերյալ ճար ու միջոց առաջարկելու փոխարեն ՀՅԴ Բյուրոն որոշել է հանրությանը կերակրել ռազմահայրենասիրական կենացով․ ՀՅԴ-ի սիրտը նորից հանրահավաք է ուզում

Մեկ տարի առաջ այս օրերին խորհրդարանական ընդդիմությունը՝ առաջնորդությամբ ՀՅԴ-ի, «Դիմադրության» շարժում էր սկսել՝ փորձելով արթնացնել 20-րդ դարի ժողովրդական տաղերգության դրամատիկ պերսոնաժներից մեկին՝ «քնած լաոյին»։

Օրակարգը, որը պիտի կյանքի կոչեր զարթնած լաոն, թեև փաթեթավորված էր «Արցախի փրկությամբ», սակայն իրականում իշխանափոխությունն էր։ Ամիսներ շարունակ տևած ակցիաների միջոցով խորհրդավոր լաոյին «զարթնացնել» այդպես էլ չհաջողվեց, իշխանափոխության օրակարգը կյանքի կոչել՝ նույնպես։ Ու քանի որ նորից գարուն է, կրկին՝ ապրիլ, խրոնիկ հիվանդությունների օրինակով, նորից գլուխ է բարձրացրել ընդդիմությունը։

Աչքի առաջ ունենալով փողոցային տապալված ակցիաների դառը փորձը, «մեկ կրակոցի հնարավորությունը», որը, փաստորեն, «փուստ» կրակվեց, ինստիտուցիոնալ ընդդիմությունը որոշել է փողոցն առայժմ թողնել նորահայտ, բայց հին ու հայտնի դեմքերով
ներկայացող շարժումներին՝ նրանց ձայնակցելով տարատեսակ ուղերձ-հայտարարություններով։

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը որպես տեղեկատվական առիթ օգտագործելով՝ այսօր հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ Հայտարարության մեջ հպանցիկ անդրադառնալով անցակետի տեղադրմանը, զառամյալ կուսակցությունը հայտարարության մնացած հատվածը նվիրել է հին դարդուցավերի վերաշարադրմանը։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշիի մատույցներում Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումը, դեպի Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակումը, արցախահայության նկատմամբ անցնող ամիսների ահաբեկչական բնույթի գործողություններն այդպես էլ համարժեք հակազդեցության չարժանացան ՀՀ իշխանության և միջազգային դերակատար ուժերի կողմից։ Այժմ էլ Ադրբեջանը դիմել է նոր սանձարձակության՝ սահմանային հսկիչ անցակետ տեղադրելով Կոռնիձորի կամրջի հատվածում։ Ակնհայտ է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական կողմի սադրիչ և սանձարձակ քայլերն ու գործողությունները նպատակաուղղված են Արցախի հայաթափման ցեղասպան քաղաքականության իրականացմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Իսկ թե ո՞ւմ գիտությամբ, ո՞ւմ աչքի առաջ, ո՞ւմ լուռ անտարբերության հետևանքով է և վերջապես ու՞մ պատասխանատվության գոտում է տեղի ունեցել այս «սանձարձակությունը»՝ ՀՅԴ Բյուրոյում գերադասել են չնկատելու տալ։ Գեթ մեկ նախադասություն այն մասին, որ տեղի ունեցածում պատասխանատվության ահռելի բաժինը Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնող միակ սուբյեկտի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմինն է, չկա։ Միայն այս հանգամանքը բավական է, որպեսզի արժեզրկվի հայտարարությունը, կասկածի տակ դրվի դրա օբյեկտիվությունը, դրանում արտահայտված մտահոգության անկեղծությունը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական գործողությունների՝ ՀՀ իշխանության կողմից «պատշաճ հակազդեցության չարժանանալուն», ապա ՀՅԴ Բյուրոյում երևի քնած էին այն ժամանակ, երբ ՀՀ-ի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի հարցով նիստ գումարվեց, երբ ՀՀ-ն ժամանակ անց նույն՝ Լաչինի միջանցքի հարցով դիմեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, երևի մինչև հիմա էլ շարունակում են քնած մնալ, քանի որ տեղյակ չեն, որ Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը կրկին դիմել է Միջազգային դատարան: ՀՅԴ Բյուրոյում հավանաբար «պատշաճ հակազդեցություն» ասելով նկատի ունեն հարցերը լուծելու ոչ թե դիվանագիտական, այլ՝ զենքով տարբերակը, քանի որ լավ գիտեն, որ թափվելիք արյան ու զոհերի, զենքի ուժին դիմելուց հետո անխուսափելիորեն ի հայտ եկող զարգացումների պատասխանատվությունը իրենց ուսերին չէ, որ ընկնելու է։

Բյուրոն բյուրո չէր լինի, եթե հայտարարության առիթը չօգտագործեր՝ իշխանության «վրայով» ևս մեկ անգամ անցնելու և մեղադրանքների հայտնի շարանը տեղալու և այս ֆոնին «ազգաին ուժերին» համախմբման կոչ անելու համար։ «Վերջին տարիներին Հ.Յ.Դաշնակցությունը բազմաթիվ անգամներ միասնականության ու համախմբման կոչ է արել, որը, ցավոք, հաճախ մնացել է անարձագանք։ Եվս մեկ անգամ հայոց ազգային ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարակարծությունները և հայրենիքի օրհասական այս պահին միավորվել՝ ներքին ու արտաքին վտանգին դիմակայելու, պետության ինքնիշխանությունը պահպանելու և հզոր Հայաստան կերտելու համար»։ 130-նն անց կուսակցության սիրտը, ինչպես երևում է, նորից փողոց ու հանրահավաք է ուզում, նորից դիմադրություն ու ըմբոստություն, կամ, ինչպես արդեն մի քանի անգամ շեշտել է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը՝ ապստամբություն, իսկ, օրինակ, տեղադրված ապօրինի անցակետի ապամոնտաժմանը, միջանցքի բացմանը հասնելու առարկայական քայլ, մեխանիզմ, ծրագիր, ելք, ճար, միջոց՝ ոչ։ Ռազմահայրենասիրական կենացներով ժողովրդին կերակրել այլևս հնարավոր չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ