«Եթե Հայաստանը շարունակի ռուսական փտած նախագծերում մնալ՝ Արևմուտքից կլսենք միայն սրտեր և ուղեղներ շոյող հայտարարություններ». Հայկ Սուքիասյան

Civic.am-ը Հայաստան-Ադրբեջան հնարավոր բանակցությունների, Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցի և հնարավոր զարգացումների շուրջ զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։

— Պարոն Սուքիասյան, Հայաստանը նախկինում չէր մասնակցում բանակցություններին, բայց այսօր ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ կարևոր չէ, թե որ հարթակում՝ Հայաստանը պատրաստ է մասնակցել բանակցությունների. ըստ ձեզ՝ ի՞նչ է փոխվել։

— Հայաստանը լավ գիտի, որ ռուս-թուրքական ձևաչափերով հնարավոր չէ հարցի լուծում։ Հայաստանը արտաքին աշխարհի դերակատարներին հայտ է ներկայացրել, որ եթե դուք կազմակերպեք բանակցություններ՝ պատրաստ ենք ձեզ հետ բանակցությունների մտնել։ Բայց եթե ՀՀ-ն պատրաստ է ռուսական ձևաչափերով գնալ բանակցությունների՝ ես պնդում եմ, որ դա սխալ է։

— Տեղեկություններ կան, որ մայիսի սկզբին եռակողմ հանդիպում է նախատեսված Բլինքենի միջնորդությամբ։

— Հարցն այն է, թե ինչ հարցեր են քննարկելու՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման հարցե՞ր, թե՞ Արցախի շրջափակման հարց. մենք օրակարգը չգիտենք։ Կոնկրետ Հայաստանի հայտը եթե Արցախի հարցով բանակցություններն են, այսպես թե այնպես ՀՀ-ն ինչ-որ կերպ բանակցել է, հնարավոր է ուղիղ բանակցություններ ԼՂ հարցով չեն եղել, բայց Արցախի հարցը միշտ ուղղակի կամ անուղղակի Հայաստանը բարձրացրել է։ Բայց եթե հիմա ռուսական ձևաչափի մասին է խոսքը՝ ռուսական ձևաչափով ես պնդում եմ, որ ՀՀ-ն չպետք է գնա բանակցությունների, քանի որ Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանին և Արցախին դրել են ավելի ծանր իրավիճակում, հիմա նոյեմբերի 9-ի փաստաթղթին զուգահեռ մի ուրիշ փաստաթուղթ են դեմ տալու, որ ստորագրի։ Հայաստանը պիտի այլ բևեռներում փնտրի հարցի լուծումը և պիտի դիմանա այս ընթացքում։

— Արարատ Միրզոյանը, արձագանքելով Լաչինում զուգահեռ վերահսկողություն իրականացնելու Բայրամովի հայտարարությանը, նշել է, որ չի ներգրավվելու միջանցքի խնդրի շուրջ նոր բանակցություններին։

— Դա Ադրբեջանի դիվանագիտական հերթական սադրանքն է։ Իրենք, օրինակ, Ռուսաստանին գրկած ապալեգիտիմացնում են ԵՄ դիտորդներին Հայաստանում և ապալեգիտիմացնում Ֆրանսիայի միջնորդությունը։ Քանի դեռ տարածաշրջանը ռուս-թուրքական վերահսկողության տակ է՝ Ադրբեջանը մեծ մանևրի հնարավորություն ունի։ Հայաստանի աշխարհագրությունը թույլ չի տալիս մեծ մանևրների հնարավորություն, դրա համար իրենք այստեղ ազատություն ունեն՝ անել այն, ինչ ուզում են։ Հայաստանը պետք է բոլոր միջազգային դատարաններին և կառույցներին դիմի, որ այստեղ սպանդ է, մարդու իրավունքների համատարած ոտնահարումներ, այստեղ ավտոկրատիան և էթնոկրատիան գրոհում են մարդու իրավունքների դեմ։ Իսկ եթե Հայաստանը ռուսական միջնորդությամբ է բանակցում՝ թող գնա ձևական ներկայություն ապահովի, հետ գա, բայց ամբողջ բանակցությունների պոտենցիալը հնարավոր է զարգացնել ԱՄՆ-ի միջնորդությամբ։

— Առանց ՌԴ թույլտվության Բաքուն նման առաջարկ կանե՞ր և ինչո՞ւ է արվել, եթե պարզ է, որ Երևանը Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցությունների չի մասնակցի։

— Ես ենթադրում եմ՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված են առաջարկել, բայց հնարավոր է առանձին էլ մտածում են Ռուսաստանից վերցնել միջանցքի վերահսկողությունը, որ հետո Հայաստանից փորձեն հեշտ վերցնել ամբողջ վերահսկողությունը՝ սադրանքների միջոցով, որպեսզի ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշեն, որից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը շատ քիչ է, դրա համար Հայաստանի պնդումը շատ ճիշտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը պետք է իրականացվեն։ Հայաստանին ձեռնտու է, որ Ռուսաստանը կամ կատարի, կամ չկատարի իր պարտավորությունները, եթե չկատարի՝ ավելի լավ, ՀՀ-ն կունենա բոլոր հիմքերը դիմելու միջազգային դիտորդական առաքելության կամ միջազգային խաղաղապահների։ Հետևաբար Հայաստանը հիմա ոչ մի կերպ չպիտի գնա Ադրբեջանի հետ զուգահեռ վերահսկողության, որովհետև հետո Հայաստանի ձեռքից տանելու են դա։

— Զախարովան երեկ հայտարարել է, որ Մոսկվան «սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման գործում». ի՞նչ ակնարկ է սա, արդյոք խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին չէ՞, որի դեպքում, ըստ Զախարովայի, հնարավոր է փոխընդունելի լուծում։

— Հնարավոր է, բայց դա փոխընդունելի լուծում չէ, դա Հայաստանի անձնատվության հայտ է իրենց կողմից։ Փոխընդունելի ասելով իրենք ի՞նչ նկատի ունեն, դա պիտի բացատրեն։ Երկրորդը՝ իրենց նպատակը Հայաստանին քաշելն է նոյեմբերի 9-ից դուրս բանակցությունների մեջ։ Լավ է թե վատ՝ նոյեմբերի 9-ով այդ հատվածը հանձնված է ռուս խաղաղապահներին։ Հիմա ռուս խաղաղապահները իրենց պարտականությունները չեն կատարում և անընդհատ ՀՀ-ին ներքաշում են կոնֆլիկտի մեջ։ Զախարովան պետք է բացատրի՝ ինչու է ռուս խաղաղապահների վերահսկողությանը հանձնված տարածքում ռուսական դրոշի լայն հայացքի ներքո փակվում միջանցքը, ոչ թե որ փակվի, հետո ասեն՝ եկեք տեսնենք, ինչ ենք անում, կարո՞ղ է մի բան զիջես։

— ԱԽ քարտուղարը նշել է, որ ՀՀ-ն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում, բայց արդյոք Ֆրանսիան կարո՞ղ է նման աջակցություն ցուցաբերել, և առհասարակ հնարավո՞ր է նման առաքելության գործուղումը Արցախ։

— Եվրամիության դեպքում հնարավոր չէ։ Հայաստանը պետք է այդ հարցով դիմի ՄԱԿ։ Մի անգամ Ֆրանսիան հարցը բարձրացրել է և աջակցություն չի ստացել։ Մենք պետք է նկատի ունենանք, որ դա միջուկային պետություն է, որը դողում է իր հեղինակության վրա։ Ֆրանսիան չի պատրաստվում ամեն անգամ հարց բարձրացնել։ ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որ հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի ԱԽ, և ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայվի, բայց պետք է պատրաստել բավարար հիմք և ճիշտ թեզերով աշխատել, որ այստեղ էթնոկրատիաները գրոհել են մարդու իրավունքի և դեմոկրատիայի դեմ, որովհետեւ այսօր աշխարհում այդ երկու բևեռների անթաքույց պայքար է։ Հայաստանը պետք է ինքը ապալեգիտիմացնի ռուսական ներկայությունը Արցախում, որպեսզի կարողանա հիմք ունենալ դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

— Գրիգորյանը հայտնել է, որ ԵՄ դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար, ու հավելել, որ պետք է ավելացնել մարդկանց թվաքանակը և կարողությունները։ Հնարավո՞ր համարում եք, որ ԵՄ-ն կգնա նման քայլի։

— Այս պահին՝ ոչ։ Նախ՝ ՀՀ սահմանները մոտ հազար կիլոմետր է Ադրբեջանի հետ, երկրորդը՝ պետք է նկատի ունենալ, որ ԵՄ-ն փափուկ ուժի կառույց է, դա զսպմանը կողմնակից կառույց է, ոչ թե ռազմական։ Մեր սահմաններին եթե ուզում ենք հարց լուծվի՝ ռազմական կոնտինգենտ է պետք, բայց որևէ պետություն իր ռազմական կոնտինգենտը էստեղ տեղավորել չի կարող և չի էլ անելու։ Եթե պոտենցիալը կա՝ հնարավոր է ԵՄ դիտորդների թիվը ավելացնել և ժամանակ շահել, որպեսզի Հայաստանի ռազմական պոտենցիալը վերականգնվի։ Բայց եթե մենք այս ընթացքում հորանջելու ենք, բանակը չվերազինենք՝ ոչինչ չի լինելու։

— Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԼՂ հայությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության, անվտանգության մեջ և իր մշակույթի ու ավանդույթների նկատմամբ հարգանքով: Այս հայտարարությամբ կարծես Ֆրանսիան ՀՀ իշխանությունների հետ համաձայնում է, որ պետք է բանակցություններ ընթանան ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների շուրջ։

— Կարծում եմ՝ այո, և ենթադրում եմ նաև՝ ՀՀ-ն իր այդ դիրքորոշումը որդեգրելուց առաջ այլ պետությունների հետ խորհրդակցել է և ունի նաև նրանց համախոհությունը։ Բայց հիմա Ֆրանսիան հայտարարում է, որ պետք է հարգվի, պաշտպանվի մշակույթը և այլն, դա ես էլ եմ հայտարարում, Մոզամբիկն էլ է հայտարարում, այդ հայտարարությունները, իհարկե, մեր հոգիները շոյող են, բայց դրանք ռազմաքաղաքական իրողությունների վրա որևէ կերպ ազդել չեն կարող։ Իհարկե, մեր զամբյուղի մեջ որպես հայտարարություններ դրվում են, և տպավորություն է, որ մենք էլ ուրիշ ճար չունենք և մնացել ենք այդ հայտարարությունների հույսին, բայց դա հարցին լուծում չի տալու։ Եթե այդ պետությունները ունեն դիրքորոշումներ, Հայաստանը դրանք օգտագործելով՝ պետք է ցույց տա, որ ինքը ռուսական նախագծերից հեռանում է։ Եթե Հայաստանը շարունակում է ռուսական փտած նախագծերում մնալ, այդ պետություններից Հայաստանը կլսի միայն սրտերը և ուղեղները շոյող հայտարարություններ և ոչ ավելին։ Հայաստանը պետք է կամային որոշումներ կայացնի, արտաքին աշխարհը գնահատի դա, և մոբիլիզացնելով դիրքորոշումները՝ առաջ գնա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ